«Կրիստալ» գիշերային ակումբում պարուհիների հանդերձարան ներս չթողնելու համար 20-ամյա Ա.Մ-ն վիճաբանել է ակումբի աշխատակցի հետ, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ է տվել, որի ժամանակ իրեն պատկանող` «Կառլ 2005 Մագնում-6413»  գործարանային համարի գազային ատրճանակից 2 անգամ կրակ է արձակել դեպի օդ: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը  տեղեկացրեցին, որ սույն գործը այսօր` հոկտեմբերի 19-ին է ստացվել դատարան:

20-ամյա Ա. Մ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի 15-ին ժամը 00:30-ի սահմաններում Երեւան քաղաքի Աբովյան 39 հասցեում գտնվող «Կրիստալ» գիշերային ակումբում, պարուհիների հանդերձարան ներս չթողնելու համար, վիճաբանել է հիշյալ ակումբի աշխատակից` Գ.  Թ-ի հետ, ապա դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը` խանգարելով ակումբի բնականոն աշխատանքը եւ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության` աշխատողների նկատմամբ, շուրջ 5-10 րոպե տեւողությամբ բարձրաձայն սեռական բնույթի անհասցե հայհոյանքներ է տվել, որի ժամանակ իրեն պատկանող` «Կառլ 2005 Մագնում-6413» /թույլտվություն թիվ Գ-3402/ գործարանային համարի գազային ատրճանակից 2 անգամ կրակ է արձակել դեպի օդ:

Քրեական գործ է հարուցվել 258 հոդվածի 1-ին մասով` խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով: Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը  50-պատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ մեկ ամիս ժամկետով: