Շարքային 3 զինծառայողների արձակուրդ տրամադրելու համար զորամասի կապիտանը յուրաքանչյուրից 15 հազար դրամ է պահանջել: Վարդենիսի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
26-ամյա Կ. Ս-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում` կոչումով կապիտան, ժամկետային զինծառայող Խ. Կ-ի օժանդակությամբ նույն զորամասի շարքայիններ Շ. Ա-ից, Ա. Ս-ից, Հ. Մ-ից ազատ արձակում տրամադրելու համար պահանջել է 15 հազար դրամ:
19-ամյա Խ. Կ-ին էլ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ծառայելով ՀՀ ՊՆ զորամասում, կոչումով շարքային, օժանդակել է Կ. Ս-ին նույն զորամասի շարքայիններ Շ. Ա-ից, Ա. Ս-ից, Հ.Մ-ից ազատ արձակում տրամադրելու համար ստացել է 10 հազար դրամ եւ փոխանցել Կ. Ս-ին, խոստանալով 5 հազար ՀՀ դրամը փոխանցել վերջիններիս հետ վերադառնալու ժամանակ:
Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել 375 հոդվածի 1-ին մասով` պետի կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել (գույքային վնասի դեպքում` հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը կամ դրա արժեքը):
Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով: Դատական քննությունը նշանակվել է հոկտեմբերի 23-ին:



























