Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը 2009թ.կատարել է 22 օտարերկրյա այցելություն, Հայաստան են այցելել այլ երկրների 8 ղեկավար: Այդ մասին հունվարի 22-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:

Վերջինս նշել է, որ Հայաստանի ԱԺ նախագահը կատարել է 8 այցելություն, Հայաստան են այցելել երկու երկրի խորհրդարանի ղեկավար: «Վարչապետն անցյալ տարվա ընթացքում կատարել է 8 այցելություն: ԱԳ նախարարը կատարել է 29 այցելություն, Երեւան են ժամանել 11 երկրների արտգործնախարարներ, 5 միջազգային կազմակերպության ղեկավար»,- նշել է Նալբանդյանն ու հավելել, որ տեղի են ունեցել բազմաթիվ փոխայցելություններ, քաղաքական խորհրդատվություններ, հանդիպումներ եւ միջոցառումներ, ձեռք են բերվել պայմանավորվածություններ, կնքվել են շուրջ 100 միջազգային պայմանագրեր, որոնք լավ հիմք կարող են հանդիսանալ երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

Ինքը՝ նախարարը Երեւանում եւ արտասահմանյան ուղեւորությունների ընթացքում արտգործնախարարը մասնակցել է շուրջ 4 տասնյակ մամուլի ասուլիսների, 20-ից ավելի հարցազրույց է տվել աշխարհի առաջատար լրատվամիջոցներին:

ԱԳ նախարարության համակարգում 2009 թ. շրջանառվել է ավելի քան 100.000 փաստաթուղթ: