Հուլիսի վերջին Կրակովում (Լեհաստան) տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքային նիստ, որի ընթացքում կպատրաստվի Մադրիդյան սկզբունքների նորացված տարբերակը։ Այս մասին ասվում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մոսկովյան հանդիպմանը, ինչպես նաեւ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ համատեղ բանակցություններին վերաբերող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որը հրապարակված ԵԱՀԿ պաշտոնական կայքում, հուլիսի 21-ին։

«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը հուլիսի 17-ից 18-ը Մոսկվայում հանդիպել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առնչությամբ քննարկումների համար։

Հուլիսի 17-ի այս տարվա թվով 6-րդ հանդիպման ընթացքում նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ բանակցել են դեմ առ դեմ ինչպես նաեւ լայնածավալ բանակցություններ են անցկացրել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան), Բերնար Ֆասիեի (Ֆրանսիա) եւ Մեթյու Բրայզաի (ԱՄՆ), ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահության անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ։

Հուլիսի 18-ին, երկու երկրների նախագահներին ընդունել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։ Քննարկումները անցել են անկեղծ ու կառուցողական մթնոլորտում, ինչը թույլ է տվել կողմերին հանգամանորեն քննարկել հիմնարար սկզբունքների որոշ տարրերի շուրջ մնացած հակասությունների հաղթահարման փաստաթղթային ձեւակերպումների մանրամասները, որոնք դեռ պետք է հիմնավորապես համաձայնեցնել»։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հակամարտող երկրների նախագահների հետ ճշտել են, որ նրանք հաջորդ հանդիպումը կանցկացնեն Կրակովում, հուլիսի վերջին, ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահների՝ իտալական Ակվիլեում ընդունած բանաձեւի համապատասխան՝ Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակի մշակման համար։

Համանախագահները մտադիր են սեպտեմբերին ժամանել տարածաշրջան՝ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հնարավոր հերթական հանդիպման հնարավորությունը ճշտելու համար: «Երկու նախագահների հանդիպումը, ըստ նախատեսածի, կկայանա կամ սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին», ասված է համանախագահների հայտարարության մեջ։