Վերջին մեկ տարում՝ 2011-ի հոկտեմբերից մինչեւ 2012-ի հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, Երեւանում բնակարանների գները նվազել են դոլարային արտահայտությամբ։ Իսկ կենտրոնում եւ Ավանի ծայրամասերում բնակարանների գներն այնքան են նվազել, որ նույնիսկ դոլարի փոխարժեքի բարձրանալուց հետո էլ դրամով արտահայտված գները լուրջ անկում են գրանցել։

Քանի որ մեր քաղաքացիները անշարժ գույքի, ինչպես նաեւ ավտոմեքենաների առք ու վաճառքի հետ կապված գործարքներն իրականացնում են դոլարային հաշվարկներով, ուստի ներքեւում ներկայացնում ենք 2 աղյուսակ, որտեղ առաջինում ներկայացված են Երեւանի համայնքներում բնակարանների գները մեկ քմ-ի համար 2011 եւ 2012 թվականներին եւ դրանց անկումը  դոլարային արտահայտությամբ։ Երկրորդ աղյուսակում ներկայացված են ստանդարտ 63,1 քմ տարածքով բնակարանների գներն ըստ համայնքների։

Դոլարի փոխարժեքի բարձրանալուց հետո դրամային արտահայտությամբ առավել շատ գներն աճել են Էրեբունիի ծայրամասերում (14,8 հազար դրամով) եւ Դավիթաշենում (14 հազար դրամով): Վերջինս լինելով ծայրամասային շրջան, բոլոր դեպքերում շահեկանորեն առանձնանում է տարածքի բարեկարգվածությամբ եւ գներն էլ ավելի բարձր են այլ ծայրամասերի, ասենք նույն Էրեբունիի բնակարանների համեմատ։

Միաժամանակ, Կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը նվազել է 16,6 հազար դրամով, իսկ Ավանի ծայրամասերում՝ 900 դրամով: Ավանում գների նվազումը փոքր է եւ կարող է պայմանավորված լինել վաճառվող բնակարանների կառուցվածքում կոնյուկտուրային փոփոխություններով, իսկ ահա Կենտրոնում գների նվազումը երկարատեւ միտում ունի:

Պատճառն այն չէ, որ քաղաքի կենտրոնը կորցրել է իր «ձգողականությունը» գնորդների շրջանում: Կասկածից վեր է, որ բոլոր գնորդներն էլ կցանկանային բնակարան գնել հենց կենտրոնում, սակայն այստեղի գները շատերի համար անհասանելի են:

Փաստորեն, գնորդների մտադրություններում տեղաշարժ է նկատվել «թանկ» կենտրոնից դեպի «էժան» ծայրամասեր: Այդուհանդերձ, Կենտրոնում բնակարանները շարունակում են զգալիորեն թանկ լինել մայրաքաղաքի այլ հատվածների բնակարաններից:

Այս տարվա հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բնակարանների առ ու վաճառքի քանակը Երեւանում աճել է 8,6 տոկոսով: Բնակարանների շուկայում երկարատեւ լճացման ֆոնին, այս փաստը մի փոքր անսպասելի է: Որոշ վերլուծաբաններ սա կապում են սփյուռքից, մասնավորապես Սիրիայից հայերի հոսքով դեպի Հայաստան:

Այս հարցը պարզելու համար մենք դիմեցինք Երեւանի անշարժ գույքի գործակալություններից մեկը: Մասնագետների խոսքով,սիրիահայ փախստականների կողմից Երեւանում բնակարաններ գնելու մասին լուրերը «մի փոքր չափազանցված են»: Այս ընթացքում տվյալ գործակալությունում սիրիահայի կողմից բնակարան գնելու միայն մեկ դեպք է գրանցվել:

Հոկտեմբերին, սովորաբար, անշարժ գույքի շուկայում ակտիվանում է  պահանջարկը, սակայն առաջին հայացքից հակասություն է նկատվում, որ մի կողմից բնակարանների առք ու վաճառքի քանակն ավելանում է, մյուս կողմից Երեւանի վարչական շրջանների մեծ մասում բնակարանները թանկացել են: Սա իր բացատրությունն ունի: Բանն այն է, որ դոլարային արտահայտությամբ բնակարանների գները նվազել են, ընդ որում դա կոնյուկտուրային բնույթ չի կրում:

Նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերից մինչեւ այս տարվա հոկտեմբեր 1 քմ մակերեսի շուկայական գինը Երեւանում նվազել է 23 դոլարով, իսկ Կենտրոնում՝ 126 դոլարով:

Այսպիսով, բնակարանների գների փաստացի նվազումը (դոլարով) ինչ-որ առումով խթանել է  պահանջարկը, իսկ առաջիկա ամիսներին կանխատեսումն այսպիսին է. դեկտեմբերին գնողունակ պահանջարկը, հոկտեմբերի համեմատ, նկատելիորեն կկրճատվի: Ինչ վերաբերում է 2013-ի հունվար-փետրվարին, ապա այդ ամիսներին սովորաբար անշարժ գույքի շուկայում գործարքները նվազագույնի են հասնում, այնպես որ այդ ամիսներին եւս գները կնվազեն:

Ալբերտ Խաչատրյան