Եթե առաջադրվի Գագիկ Ծառուկյանը, ես հստակ եւ իմ ամբողջ ուժերով պաշտպանելու եմ Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ ամեն ինչ անելու եմ, որպեսզի մեր թեկնածուն հաղթի: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը` հավելելով, որ իր համար կարեւոր չէ` իր խնամին` Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի, թե ոչ:

Գագիկ Ծառուկյանի առաջադրվելու դեպքում իր` Սերժ Սարգսյանին սատարելը չի ազդի բարեկամության վրա, «բարեկամությունն եւ քաղաքականությունը տարբեր կատեգորիաներ են»: «Կուսակցության որոշումով եմ ես այսօր աշխատում ԱԺ նախագահ, կուսակցությունն է ինձ առաջադրել եւ պաշտպանել, դա հանրապետության նախագահի, կուսակցության ղեկավարի ցանկությունն է եւ առաջարկն է: Ի սկզբանե ես որեւէ պարտավորություն չունեմ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նկատմամբ, իմ բոլոր պարտավարությունները Հանրապետական կուսակցության եւ նրա ղեկավարի նկատմամբ է: Ես պարտավոր եմ բոլոր առումներով եւ անելու եմ ամեն ինչ, որպեսզի գործող նախագահը հաղթի ընտրություններում»,- ասել է նա: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր անունը ԲՀԿ-ի հետ կապում են մարդիկ, ովքեր քաղաքական դաշտում որեւէ դերակատարություն չունեն, ուղղակի իրենք ջուրը պղտորում են, որ ձուկ որսան, ինչը իրենց չի հաջողվի եւ չի էլ հաջողվելու:

Հարցին, թե Գագիկ Ծառուկյանը կարող է լինելմիասնական թեկնածու, ԱԺ նախագահը պատասխանեց, որ չի էլ մտածել, թե Գագիկ Ծառուկյանը կարողէ առաջադրվել: «Ինքը վերջնական որոշում չի կայացրել, եթե կայացներ, մենք անպայման տեղյակ կլինեինք: Խոսակցություններ կան, որ կարող է առաջադրվել կամ չառաջադրվել, քննարկումներ կան, բայց վերջնական նման տեղեկատվություն չունենք»,- նշել է նա:

Իսկ թե առաջադրվելու դեպքում Գագիկ Ծառուկյանը մրցակից է Սերժ Սարգսյանին, թե ոչ, նա պատասխանել է` «դա էլ ժողովուրդը կասի ընտրության օրը»:

Նշենք, որ Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբը կղեկավարի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, բայց հրաժարական կտա նա, թե ոչ, հայտնի չէ: Սերժ Սարգսյանի թեկնածությունը կառաջադրեն դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ-ի արտահերթ համագումարում: Ենթադրվում է, որ Գագիկ Ծառուկյանը նախագահական ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցության ձեւաչափի մասին կհայտարարի դեկտեմբերի 6-ին Բրյուսելից վերադառնալուց հետո: