«Ամերիա» ընկերությունների խումբը ձեւավորել է ավանդույթ` Ամանորի շեմին կազմակերպելու բարեգործական աճուրդ` ուղղված հիվանդ երեխաների բուժմանը: Երրորդ տարին անընդմեջ Ամերիան համախմբում է հանրությանը` օգնության ձեռք մեկնելու այն մանուկներին, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, թե այս տարի «Ամերիա» ընկերությունների խումբը «Անտիկյան» պատկերասրահի աջակցությամբ միավորում է գործարար աշխարհի եւ ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ուժերը` միասնաբար օգնելու 15 երեխայի, ովքեր գրանցված են «Օգնեմ», «Նվիրիր կյանք» եւ «Երեխաներ առանց ցավի» հիմնադրամներում:  Բարեգործական աճուրդի ողջ հասույթը փոխանցվելու է  պատանեկան իդիոպաթիկ արթրիթ, հեմատոլոգիական եւ քաղցկեղային հիվանդություններ ունեցող երեխաների բուժմանը, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ եւ ունեն անհապաղ ֆինանսական աջակցության կարիք: Աճուրդը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 11-ին:

Աճուրդին կներկայացվեն ժամանակակից հայ անվանի արվեստագետների գործերը: Նրանց շարքում են Գափոն, Թենի Վարդանյանը, Մարինա Դիլանյանը, Արշակ Սարգսյանը, Ստեփան Վերանյանը, Սամվել Սաղաթելյանը, Արա Ալեքյանը, Սպարտակ Գեւորգյան, Զուլեյկա Բաժբեուկ-Մելիքյանը, Արմեն Գեւորգյանցը, Սահակ Պողոսյանը, Արարատ Սարգսյանը, Սամվել Չիբուխչյանը, Անատոլի Պապանյանը, Սարգիս Համալբաշյանը, Լեւոն Ազատյանը, Նորա Բադալյանը, Սերյոժա Վարդանյանը, Վահագն Համալբաշյանը, Ռաֆայել Մեգալլը:

Միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:

Այն բոլոր անհատները եւ կազմակերպությունները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու Ամերիայի նախաձեռնությանը` կարող են գումարները փոխանցել Ամերիաբանկում բացված 1570036910764400  բարեգործական հաշվեհամարին:

Ընկերությունը կոչ է անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը եւ հանդես գալ առանձին հանգանակությամբ: Միավորենք մեր ուժերը եւ գունավորենք այն երեխաների երազանքը, որոնց յուրաքանչյուր օրը լի է սպասումով, ովքեր ամեն օր կյանքի համար պայքար են մղում` սպասելով հրաշքի: