ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Ադրբեջանի հարցով համազեկուցողներ Անդրես Հերկելը եւ Ջոզեֆ Գրեհը փետրվարի 7-12-ին այցելելու են Ադրբեջան՝ նախապատրաստելու համար ԵԽ առջեւ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ իրենց զեկույցը: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գյուլթեքին Հաջիբեյլին: Նրա խոսքով, համազեկուցողները Ադրբեջանում կքննարկեն այդ երկրում լրատվամիջոցների ազատության, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը վերաբերող եւ այլ հարցեր:
Այդ այցելության արդյունքները կքննարկվեն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում, մարտ ամսին եւ կներկայացվեն ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանում: Հաջիբեյլին նաեւ տեղեկացրել է, որ ԵԽԽՎ նորընտիր նախագահ, ազգությամբ թուրք Մեվլութ Չավուշօղլուն լրատվամիջոցներին հայտնել է, թե շահագրգռված է մոտ ժամանակներս այցելել Հարավային Կովկաս:
Նշենք, որ Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտն ու Ժորժ Կոլոմբիեն եւս մտադիր են մոտ ժամանակներս այցելել Հայաստան, որից հետո միայն ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում վերջնական որոշում կկայացվի «մարտի 1-ի» խորհրդարանական հանձնաժողովի զեկույցի վերաբերյալ:




























