Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 03.12-07.12.2012թթ ընկած ժամանակահատվածում իրականացված ստուգումների, շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների, բնապահպանական պետական տեսչության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացվել է 1.25 մլն դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի 18 որոշում եւ հաշվարկվել շուրջ 4.64 մլն դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման գործով 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50.0 հազար դրամ գումարի չափով հաշվարկվել է 20.0 հազար դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 8 գործով կայացվել է 300 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում եւ հաշվարկվել է 613.13 հազար դրամ ընդհանուր գումարի բնությանը պատճառված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամ գումարի չափով եւ հաշվարկվել է 190.5 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի աշխատակիցների կողմից Երեւանի շուկաներում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է տիրազուրկ 82 հատ «կարաս» տեսակի ձուկ, ինչը սահմանված կարգով հանձնվել է Երեւանի թիվ 14 հատուկ դպրոցին:
Արարատի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից հայտնաբերված խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավել է 3 հատ խեցգետնորսիչներ, իսկ 3.0կգ կենդանի խեցգետինը բաց է թողնվել ջրամբար:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ
Երեւանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 3.64 մլն դրամ գումարի բնությանը պատճառված վնաս:
Հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Երեւանի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կենսաբազմազանության, հողերի, թափոնների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամ. գումարի վարչական տուգանքի որոշում:
Ընդերքի երկրաբանական եւ մակշեյդերական վերահսկողության բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների համար կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 99.87 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի մոտ իրականացված ստուգումների արդյունքում կայացվել է 150 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 52 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար
Երեւանի տարածքային բաժնի բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամ գումարի չափով:
Ապօրինի որս
Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից արձանագրված որսի կանոնների խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է վարչական տուգանքի որոշում 50 հազար դրամ գումարի չափով:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում
Կոտայքի տարածքային բաժնի կողմից շրջայցերի ընթացքում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 30 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ բնապահպանական պետական տեսչության կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 1.8մլն դրամ գումար:



























