Երշիկ արտադրող 21 ընկերություններ անբարեխիղճ մրցակցություն են իրականացրել՝ մոլորեցնելով սպառողներին: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 10-ին հրապարակեց երշիկեղենի շուկայում ուսումնասիրության արդյունքները:

Անբարեխիղճ գործունեություն իրականացնողներն են. «Մուշ», «Ա. Բիլյան», «Առ Դելիկատես», «Նատֆուդ», «Ջրվեժի մսամթերքի կոմբինատ»,«Մարիլա», «Բաբիկ 90», «Էրեբունի աստղ», «Հայր եւ որդի Գալստյաններ», «Երեմկա», «Էլիտ Պրոդ», «Ա. Շիրվանյան եւ ընկերներ», «Արտյոմ եւ Հրայր եղբայրներ», «Լումա», «Կարինե եւ Նարինե», «Նեպտուն Մար», «Սոս 97», «Տիրան Ղազարյան», «Գայան Ջամե», «Բարի արագիլ», «Արթուր Հակոբյան» ԱՁ:      

Բոլոր այս ընկերությունների նկատմամբ կիրառվեց օրենքով սահմանված առավելագույն պատժաչափ՝ տուգանք տվյալ ընկերության նախորդ տարվա հասույթի 1 տոկոսի չափով:  

Հանձնաժողովի եզրակացության մեջ նշվում է, որ երշիկի արտադրության մեջ օգտագործում են մեծաքանակ սոյա, օսլա, սպիտակաձավար (манная крупа ), ալյուր, նիտրիտ, ֆոսֆատ, սակայն սպառողները չեն տեղեկացվում: 

Այսինքն՝ երշիկի պատրաստման ընթացքում օգտագործվող իրական բաղադրիչները փաթեթավորման վրա նշված չեն:

Բացի այդ՝ ուսումնասիրված գրեթե բոլոր դեպքերում վաճառքի հանված երշիկեղենի վրա նշվում է, որ պատրաստման ընթացքում օգտագործվել է տավարի եւ խոզի բարձրորակ միս: Մինչդեռ, Հանձնաժողովը բացահայտել է, որ արտադրական պրոցեսում քաշի ավելացման, ախորժելի գույնի, կպչունություն ապահովելու եւ այլ նկատառումներով օգտագործվում են մեծաքանակ համային եւ գունային հավելանյութեր, ինչի մասին սպառողը տեղյակ չէ: Ընդ որում նման դեպքեր բացահայտվել են նաեւ երեխաների համար նախատեսված՝  «մանկական» անվանումով երշիկների պարագայում: Նշենք նաև, որ երշիկի մեջ սոյան օգտագործվում է հիմնականում արտադրանքին լրացուցիչ ծավալ եւ զանգված ավելացնելու նպատակով, ինչի հետեւանքով էլ օգտագործված մսի քանակը երբեմն հասնում է նվազագույնի:

Երշիկների որոշ տեսակների մեջ մսի մասնաբաժինը կազմում է ընդամենը 16 տոկոս, իսկ տավարի կամ խոզի մսին հիմնականում փոխարինում է գոմեշի ներկրված միսը:

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ լաբորատոր հետազոտություններ չեն իրականացվել, բոլոր եզրակացությունները հիմնված են փաստաթղթային ստուգումների վրա :

Երշիկի արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների փաստաթղթերի համաձայն՝ արտադրության մեջ օգտագործվող մսի 1 կիլոգրամի գինը կազմում է 700-800 դրամ: Դա Հանձնաժողովին թույլ է տվել ենթադրելու, որ երշիկի արտադրության մեջ հիմնականում օգտագործվում է գոմեշի ներկրված միս, որի 1 կիլոգրամը ներքին շուկայում իրացվում է հենց այդ գնով: Մինչդեռ երշիկների բաղադրության մեջ նշվում է տեղական խոզի կամ տավարի միս, թեեւ տեղական մսի միջին շուկայական գինը վերոնշյալ գնից եռակի բարձր է: Բացի այդ, ըստ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանի, երշիկի արտադրության ժամանակ մեծ քանակությամբ ճարպ է օգտագործվում, ինչ մասին եւս սպառողները չեն տեղեկացվում :