Արդեն երկրորդ ամիսն է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Կիլիկյան բարեսիրական միության» հովանավորությամբ, մայրաքաղաքի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում գործում է սիրիահայ երեխաների համար` սիրիական հանրակրթական ծրագիր իրականացնող հիմնական դպրոցը, ուր այսօր այցելել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարը նախ շրջել է դասասենյակներում, զրուցել երեխաների հետ, լսել նրանց ցանկությունները, ինչպես նաեւ տպավորություններն ուսումնական գործընթացի վերաբերյալ: Աշակերտներն իրենց ակնկալիքների շրջանակում նշել են Ամանորին ընդառաջ դպրոցում տոնածառ ունենելու ցանկությունը, որին ի պատասխան` նախարարը խոստացել է կատարել այն, ինչպես նաեւ ապահովել ամանորյա տոնական միջոցառումներին երեխաների մասնակցության հնարավորությունը:
Արմեն Աշոտյանը զրուցել է նաեւ դպրոցի տնօրինության եւ Կիլիկյան բարեսիրական միության ներկայացուցչի հետ, ովքեր նախարարին տեղեկացրել են, որ դպրոցն ապահովված է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ բոլոր պայմաններով. դասերն անցկացվում են վերանորոգված դասասենյակներում, աշակերտներին տրամադրվել են բոլոր դասագրքերը: Նախարարը հետաքրքրվել է ուսուցման կազմակերպման եւ դասավանդման որակով, մասնավորապես, ընդգծել, թե ինչպիսի օգնության կարիք ունի դպրոցը, եւ կրթության ոլորտի պատասխանատուները հավելյալ ինչ աջակցություն կարող են ցուցաբերել դժվարին իրավիճակում հայտնված մեր հայրենակիցներին:
Ներկայումս «Կիլիկյան» դպրոցում կրթություն է ստանում 1-9-րդ դասարաններում սովորող շուրջ 260 սիրիահայ աշակերտ:




























