Դեկտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը պարգեւատրեց ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող-մարզիկներին։ Մրցանակները հանձնեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, թե նախարարը կարեւորեց ուսանողական սպորտի զարգացումը Հայաստանում։ «Ուսանողական սպորտի զարգացման առումով անելիքներ շատ կան. մենք որոշ բուհերում ունենք մարզադահլիճների, մարզագույքի խնդիր, բայց ակնհայտ է, որ մեր ուսանողները շարունակում են հաջողություններ արձանագրել եւ հանրապետական, եւ միջազգային ասպարեզներում։ Ակնհայտ է նաեւ, որ առողջ ապրելակերպի նկատմամբ սկսում է ձեւավորվել մշակույթ։ Իհարկե, կարեւոր են ֆինանսները, ենթակառուցվածքները, բայց պակաս կարեւոր չէ վերաբերմունքը դեպի սպորտ, դեպի ֆիզիկական կուլտուրա եւ առողջ ապրելակերպ։ Այս տեսակետից մեր երիտասարդության շրջանում նման խաղերի կարեւորագույն առաքելությունը ոչ միայն հաղթողների հայտնաբերումն է, այլեւ ուսանողական սպորտի խթանումը եւ ուսանողության շրջանում առողջ ապրելակերպի նկատմամբ ճիշտ մշակույթի ձեւավորումը»,- նշեց Արմեն Աշոտյանը։

Նա նաեւ տեղեկացրեց, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 2012թ. անդամակցել է Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացային, մեր ուսանողական թիմերն ու մարզիկները մասնակցել են եվրոպական համաուսանողական խաղերին։ 2013թ. փետրվարին Երեւանում կկայանա Եվրոպական ուսանողական մարզական ասոցիացիայի նախագահության նիստը, որտեղ կքննարկվեն նաեւ Հայաստանում ուսանողական սպորտի զարգացման առաջնահերթությունները։ ՀՀ ԿԳ նախարարը կարեւորեց նաեւ 2013թ.Կազանում անցկացվելիք ուսանողական մարզական համաշխարհային խաղերը, որոնց մասնակցելու է նաեւ Հայաստանը։ Նախարարը շեշտեց, որ արվելու է առավելագույնը՝ այդ խաղերում բարձր արդյունքներ ցույց տալու եւ մեդալներ նվաճելու համար։ 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի համակարգող Կարեն Ավագյանը կարեւորեց առողջ ապրելակերպի ձեւավորմանն ուղղաված ծրագրերը՝ նշելով, որ հիմնադրամը բոլոր այդ նախաձեռնությունների կողքին է։ «Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հետագայում նույնպես կաջակցի այն բոլոր ուսանող-մարզիկներին, որոնք Հայաստանը կներկայացնեն միջազգային հարթակներում»,- նշեց Կարեն Ավագյանը։

Նշենք, որ 13-րդ հանրապետական ուսանողական խաղերը կազմակերպել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, որին մասնակցել է 20 բուհի շուրջ 2000 ուսանող։ Ուսանող-մարզիկներն ուժերը չափել են 8 մարզաձեւերում (լող, բասկետբոլ, վոլեյբոլ, շախմատ, սեղանի թենիս, կրոսավազք, մինի ֆուտբոլ, հանդբոլ)։ 8 մարզաձեւերից անցկացվել է 14 առաջնություն։