Դեկտեմբերի 15-ին կկայանա  «Հավասար հնարավորություններ» ԶԼՄ 10-րդ հոբելանական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Ամենամյա մրցույթի նպատակը հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հավասար հնարավորությունների գաղափարը քարոզելն է:

«Հույսի կամուրջ» եւ «Առաքելություն Արեւելք» կազմակերպությունների հայտարարած լավագույն հրապարակման (մամուլ, ռադիո, հեռուստատեսություն եւ էլեկտրոնային, ֆոտո եւ մուլտիմեդիա) ամենամյա «Արեւածաղիկ» մրցույթին այս տարի մասնակցել է 35 լրագրող Երեւանից եւ հանրապետության մարզերից: Ներկայացվել է 16 տպագիր, 2 մուլտիմեդիա, 2 ֆոտո, 15 հեռուստատեսային աշխատանք:

Հանձնաժողովի գնահատմանը կարող էին ներկայացվել 2011 թ. նոյեմբերի 20-ից 2012թ. նոյեմբերի 20-ը հրապարակված նյութերը, որոնք պետք է հիմնված լինեին հաշմանդամության խնդիրների խորը եւ բազմակողմանի ուսումնասիրության վրա, վեր հանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց հիմնախնդիրները` ներկայացնելով դրանց հաղթահարման դրական օրինակներ, նպաստեին նրանց համար հավասար հնարավորությունների ստեղծման գաղափարին եւ պահպանեին հաշմանդամություն ունեցող մարդկանց նկարահանելու եւ ձայնագրելու էթիկան:

Մրցանակաբաշխության արարողությանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարությունը պատվոգիր կշնորհի այն լրատվամիջոցին, որը ողջ տարվա ընթացքում հետեւողականորեն անդրադարձել է հաշմանդամության հիմնախնդրին:

Մրցանակ կշնորհի նաեւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) հայաստանյան գրասենյակը: