Ամանորի նախաշեմին առեւտուրը, հատկապես սննդամթերքի մասով, նկատելիորեն ակտիվանում է:  Պահանջարկ վայելող մթերքներից է հատկապես միսը:

Անցած տարվա դեկտեմբերին մսի արտադրության ծավալը կենդանի քաշով կազմել է 33,2 հազ. տոննա, այսինքն, տեսակարար կշռով մոտ 6-7 կգ` մեկ շնչի համար: Վերջին թվերը մեր իրականության համար բավականին ֆանտաստիկ են թվում, սակայն այդպիսին են պաշտոնական վիճակագրության ցուցանիշները:

Նկատենք, որ մինչեւ դեկտեմբեր մսի արտադրության միջին ամսական ցուցանիշը  կազմել է ընդամենը 8,6 հազ տոննա` կենդանի քաշով: Դեկտեմբերի նման աճը, անկասկած, պայմանավորված է նախատոնական պահանջարկով:

Ընդհանրապես գների աճն սկսում է  նոյեմբերին, երբ, օրինակ, Երեւանում տավարի մսի կիլոգրամի գինը  գրեթե 2,5 հազ. դրամ էր:

Շատերը հավանաբար դեռեւս տոների համար միս չեն գնել, ուստի ավելորդ չենք համարում ներկայացնել  ապրանքը գնելու մի քանի ճիշտ խորհուրդներ, որոնք տրվում են փորձառու մսավաճառ-մասնագետի կողմից:

Ներկայումս կազմակերպված շուկայում կիրառվում են ճշգրիտ կշեռքներ, այնպես որ թերակշռման խնդիրներ չկան: Սակայն ոչ փորձառու գնորդները կարող են խաբվել  մսագործի հնարքներին, երբ միսն այնպես է կտրտվում, որ մի կողմից երեւում է առողջ ոսկորը, մուս կողմից`  մսի լայն շերտը: Իրականում այդ շերտը հաստ ոսկորի համամետ բավական փոքր է: Արդյունքում «մսի» կտորի մեծ մասը հենց ոսկորն է կազմում:

Մեկ այլ հնարքի դեպքում  վաճառողն ապրանքին աննկատ ավելացնում է մի կտոր, սովորաբար, ոսկոր ոչ առաջին թարմության մսի շերտով, ինչ էլ գնորդն արդեն նկատում է տանը:

Մասնագետը գնորդներին խորհուրդ էտալիս սկզբում ուշադիր նայել դրվող մսի կտորները: Որակյալ ապրանքը սովորաբար բաց գույն է ունենում, իսկ ահա մուգ կտորները վկայում են, որ այն թարմ չէ: Ճարպոտ մասերը եւս պետք է բաց լինեն, ոչ թե դեղին կամ մուգ: Կտրտված միսը սովորաբար ձիգ չի լինում  եւ ձեոք տալու դեպքում  կպչում է ձեռքին: Ահա եւ խորհուրդների ողջ «փաթեթը»,  ինչը թույլ կտա չսխալվել տոնական գնումների  ժամանակ: