Եվրոպական բանկի կողմից Երեւանի` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենին տրված դրամաշնորհը ոչ մի կապ չունի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցման հետ: Այս մասին այսօր,NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը:

Նա նշեց, որ Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքի կառուցման համար այլ բանկի կողմից պետք է ֆինանսավորում լիներ, եղան քննարկումները, բայց գործնական լուծում չունեցավ խնդիրը: Այժմ այդ մուտքի կառուցման ճակատագիրը անորոշ է:

Նինել Վարդանյանը պարզաբանեց, որ Եվրոպական բանկը մետրոպոլիտենին 15 մլն դոլար է տվել մետրոպոլիտենի վերականգնման, վերակառուցման ծրագրի առաջին փուլի իրականացման համար, եւս 15 մլն դոլար կտա 2013թ` երկրորդ փուլի համար: «Մետրոպոլիտենը մեծ ծախսեր շարունակական հոգատարություն ;պահանջող կառույց է: Եվրոպացիները իրենց գոհունակությունն են հայտնել, որ իրենց դրամաշնորհները տարածաշրջանում մեզնից լավ ոչ ոք չի օգտագործել»,- ասաց մամուլի քարտուղարը:

Նշենք, որ «Ժողովուրդը» գրել էր, որ ՀՀ իշխանությունները քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հայտնվել են ուշագրավ սկանդալի մեջ: Բանն այն է, որ Եվրոպական բանկը ժամանակին մոտ 35 մլն դոլար վարկ է հատկացրել Երեւանի` Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բարեկարգման համար: Հատկացվել է գումարի կեսը` մոտ 15 մլն դոլարը: «Սակայն որոշ ժամանակ անց Եվրոպական բանկը պարզել է, որ գումարները չեն ծախսվում ըստ հաստատված նախագծի. մասնավորապես Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում պետք է կառուցվեր մետրոյի «Երիտասարդական» կայարանի նոր մուտքը: Սակայն նույն վայրում կաթողիկոսի նստավայրի կառուցման պատճառով դա չեղյալ է հայտարարվել: Արդյունքում` հիմա Եվրոպական բանկը չի ցանկանում գումարի հաջորդ մասը տրամադրել»,- գրել էր թերթը: