Երեւանում «Շտապ բուժօգնություն» ծառայության ստացած կանչերի թիվը չի աճել, օրական սպասարկում են 520-560 կանչ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Շտապօգնության» կանչերը կարող են ավելանալ հանգստյան օրերին, օրինակ` երբ որոշ բժշկական հաստատություններ չեն աշխատում, պոլիկլինիկաներում հերթապահում է ընդամենը մեկ բժիշկ եւ քաղաքացիները շատ են դիմում «Շտապօգնություն»:
Նրա փոխանցմամբ` նախկինի պես` «Շտապօգնության» կանչերի մեջ առաջին տեղը գրավում են սիրտ-անոթային հիվանդությունները, վնասվածքները, սուր ռեսպիրատոր հիվանդությունները: Կոտրվածքների վերաբերյալ Երեւանի «Շտապօգնությունը» ահազանգեր չի ստացել նախորդ երկու օրերին, բայց երեկ առավոտվանից մինչեւ այսօր ժամը 9.00 4 դեպք է արձանագրվել: Նրանք տեղափոխվել են հիվանդանոցներ, վիճակը նորմալ է:
Ամանորին «Շտապօգնություն» կանչելու անհրաժեշտություն չառաջանալու համար Թագուհի Ստեփանյանը խրոնիկ հիվանդություն ունեցողներին խորհուրդ է տալիս օգտագործել իրենց դեղերը, չափավոր կամ քիչ օգտագործել ոգելից խմիչքներ, իսկ թունավորումից խուսափելու համար չօգտագործել հին սնունդ:




























