Չինաստանի նվիրած ավտոբուսներից 40-ը դեռեւս չեն ներառվել Երեւանի տրանսպորտային ցանցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին Երեւանի քաղաքապետարանից: Հիշեցնենք, որ չինական կողմը Երեւանին էր նվիրել 249 ավտոբուս, որի առաջին խմբաքանակը հայաստան էր հասել դեռեւս մեկ տարի առաջ:
Քաղաքապետարանի վտյալներով, այսօր մայրաքաղաքի տրանսպորտային ցանցում օգտագործվում է միջինը 1600-1620 երթուղային տաքսի, 340-350 ավտոբուս եւ 50-55 տրոլեյբուս: Երթուղային տաքսիների 6 երթուղիներ (NN 51, 61, 81, 91, 111 եւ 123) փոխարինվել են ավտոբուսներով:
Որոշ երթուղիներում հայտնված «Ա» տառը տեղեկացնում է, որ շուտով երթուղային տաքսիները կփոխարինվեն ավտոբուսներով: «Ուղեւորների համար անհարմարությունները ժամանակավոր բնույթ են կրում»,-վստահեցնում են քաղաքապետարանում:
Տրանսպորտային բարեփոխումները նախատեսում են ավարտել 2013-ի առաջին կիսամյակում: Իսկ մինչ այդ, Երեւանի փողոցներում երթեւեկում են «զույգ» երթուղայիններ՝ 33 եւ 33Ա, 44 եւ 44Ա:
Հատկանշական է, սակայն, որ քաղաքապետարանի կողմից ներդրված ավտոբուսները, մութն ընկնելուն պես, սահուն կերպով անէանում են քաղաքի փողոցներից:




























