Երեւանի քաղաքապետարանը հրաժարվում է Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում նոր մագիստրալի շինարարության ավարտի ժամկետ նշել:
Հիշեցնենք, որ խոսքը Լենինգրադյան փողոցը Իսակովի պողոտայի հետ կապող մագիստրալի մասին է: Շինարարությունն սկսվել է ընթացիկ տարվա հունիսին, եւ ծրագրվում է ավարտել 2013թ. փետրվարին:
Ձգձգվող շինարարությունը հարուցում է քաղաքացիների դժգոհությունը: Խնդիրն այն է, որ այն մշտական խցանումների եւ վթարների պատճառ է դառնում: Վարորդները, ինչպես նաեւ հասարակական տրանսպորտը, հաճախ ստիպված են լինում շրջանցել այն: Սկզբում նշվում էր, թե տարածքում աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչեւ ցրտերը: Դեկտեմբերի 19-ի դրությամբ շիանարարությունն ավարտված չէ, եւ քաղաքապետարանը կտրուկ հրաժարվում է ավարտի մոտավոր ժամկետ նշել: NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան քաղաքապետարանում կտրուկ հայտարարեցին, որ «մեկ տարածքում շինարարության ավարտի ժամկետների մասին հնարավոր չէ խոսել»: Քաղաքապետարանի ներկայացուցիչների կարծիքով` կարելի է խոսել միայն ողջ մագիստրալի շինարարության ժամկետների մասին:



























