Օպտիմալ կլիներ, եթե «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակիցներն իրենց առջեւ ապագայում ամբողջությամբ Եվրամիությանն ինտեգրվելու նպատակ դնեին: Այս մասին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:

Նա հիշեցրեց, որ ֆորմալ առումով, «Արեւելյան գործընկերությունը» մեկնարկել է 2009-ին, բայց նախաձեռնությունը գոյություն ունի 2001-ի սկզբից: « Չպետք է մոռանալ մեր արեւելյան հարեւանների մասին, որովհետեւ, ի տարբերություն մեր հարավային հարեւանների, որոնք Եվրոպայի հարեւաններն են, արեւելյանները ԵՄ-ի եվրոպացի հարեւաններն են: Սա փոքր, բայց զգալի տարբերություն է: Սա այլ որակ է, այլ հեռանկարներ, այլ հնարավորություններ»,-նշեց դեսպանը:

«Ոչ ոք չի կարող ասել, թե ինչով այս նախաձեռնությունը կավարտվի, բայց ես վստահ եմ, որ մենք ինքներս ենք պատմություն կերտում: Եթե 1990-ականների սկզբի տարիներին, որոնք իմ երկրում շատ դժվար էին, (թեեւ ոչ այնքան դժվար, որքան Հայաստանում, որտեղ երկրաշարժ ու պատերազմ էր տեղի ունեցել) որեւէ մեկն ասեր, որ Լեհաստանը դառնալու է Եվրամիության անդամ, ամենայն հավանականությամբ այդ ասողի համար «շտապօգնության» մեքենա կկանչեին: Բայց երազանքն իրականություն դարձավ: Քաղաքականությունը գեղեցիկ երազելու եւ երկար մտածելու ունակություն է»,-նկատեց Ռաչինսկին:

Նրա խոսքով, ներկայումս «Արեւելյան գործընկերությունն» առավելագույնն է, որ Եվրոպան կարող է առաջարկել, որն ինքն էլ այսօր բարդությունների առջեւ է կանգնած: «Հարցը ոչ միայն դրամական, այլեւ գաղափարների եւ որոշումների փոխանցումներն են: Եթե հաշվարկենք, թե մեկ շնչի հաշվով որքան գումար է Հայաստանն ստանում ԵՄ-ից, ապա դա մոտավորապես այնքան է, որքան Լեհաստանն ստանում էր ԵՄ անդամակցությունից առաջ: Մենք աներեւակայելի գումարներ չենք ստացել, ավելի կարեւոր է այդ գումարների նպատակաուղղված ծախսելը: Այդ գումարները ծախսվում էին ոչ թե ապրելու միջոցների, այլ՝ ինչ որ բան փոխելու վրա: Պետք է կամք, վճռականություն եւ տեսլական ունենալ, թե ուր ենք ձգտում եւ ինչ ենք ուզում»,-ամփոփեց Զդիսլավ Ռաչինսկին: