Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի դատարանում, Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, այսօր եւս հետաձգվեց Սուրեն Սուրենյանցի գործով դատական նիստը: Վերջինիս պաշտպան Կարապետ Գալստյանը միջնորդեց մեկ շաբաթ ժամանակ տրամադրել գործի նյութերին ծանոթանալու համար:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, դատարանը բավարարեց միջնորդությունը եւ դատական նիստը հետաձգեց մինչեւ հունվարի 8-ը: Նախորդ դատական նիստը եւս հետաձգվել էր ամբաստանյալի չներկայանալու պատճառով:

Ս. Սուրենյանցը ավելի վաղ նշել էր, որ չի վիճարկում, որ վերցրել է գումարը: Նրա համոզմամբ՝ գործի մեջ քրեական էլեմենտներ չկան եւ քանի որ իր կարծիքով ոստիկանության Արաբկիր բաժնի քննիչը ոչ իրավաչափ է գործել, Սուրենյանցը ցանկացել է, որ գործում ներգրավվի փաստաբան իր իրավունքներն առավելագույնս պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իբր խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով իր ծանոթ Գ.Ղասաբյանի վստահությունը, վերցրել եւ խարդախությամբ տիրացել է 508.000 դրամ գումարին։ Սուրենյանցը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: