Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի գյուղում խոզերի ժանտախտ տեսակի հիվանդություն համաճարակ չկա, եւ առհասարակ որեւէ հիվանդություն չկա, այս մասին NEWS.am-ի Տավուշի թղթակցի հետ զրույցում ասաց Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը, մեկնաբանելով էլեկտրոնային լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե գյուղում անհասկանալի հիվանդությունից խոզեր են սատկում: «Ոչ մի հիվանդություն չկա, համաճարակ էլ չկա, 20 օր առաջ մի հատ խոզ էր սատկել, հետո պարզվեց, որ սննդային թունավորումից ա սատկել»,-ասաց նա` հավելելով, որ գյուղում արդեն սկսվել են կենդանիների մորթն ու մսի իրացման աշխատանքները. «Թե խոշոր են մորթում, թե մանր…բոլորն էլ գիտեն, որ հիվանդություն չկա, միսն էլ ստուգվում է»:
2300 բնակիչ ունեցող սահմանամերձ այս գյուղում զբաղվում են անասնապահությամբ ու հողագործությամբ: Զարգացած է ավելի շատ խոշոր եղջերավոր անասնապահությունը, ինչպես նաեւ խոզաբուծությունն ու մեղվաբուծությունը:
Նշենք, որ Կոթիում այս պահի դրությամբ իրականացվում են գազաֆիկացման աշխատանքներ, որոնք ըստ գյուղապետի նախագահ Սերժ Սարգսյանի խոստումներից է:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի/NEWS.am





























