«Սասուն» ջոկատի հրամանատար, ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը նախագահի թեկնածուների մասին իր տեսակետը կհայտնի, երբ առաջադրումներն ավարտվեն: Այս մասին նա լրագրողների ասել է այսօր՝ դեկտեմբերի 24-ին, «Ազատություն» կուսակցության համագումարի ժամանակ:
Նա հայտարարել է, որ պետք է քաղաքական ինտրիգները թողնել ու համախմբվել, քանի որ երկիրը ծայրահեղ ծանր վիճակում է: «Ես «Հանրապետության» համագումարին ասացի` մեր երկիրը նման է հիվանդ մարդու, որ սկզբնական շրջանում բոլորն ասում են հիվանդ է, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում, հետո բոլորը հավաքվում են, որ փրկեն` չեն կարողանում: Մեր երկիրը այդ կարգավիճակի մեջ է: Էդ ինտրիգները պետք է թողնենք, երեխեք ջան, թե չէ ամեն ինչ վատ կընթանա»,-ասել է Միքայելյանը:
Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի այսօրվա ելույթին, ՀԱԿ անդամն ասել է. «Մարդը պարզ, նորմալ առաջարկ արեց: Երեւի առաջին անգամ, որ նորմալ առաջարկ եղավ` թե մարդը ինչ է ուզում անի: Ես ողջունում եմ»:
Ինչ վերաբերում է ՀՀԿ-ի կողմից հայտարարություններին, թե բոլոր թեկնածուները պայքարելու են երկրորդ տեղի համար, քանի որ հաղթելու է Սերժ Սարգսյանը, Սասուն Միքայելյանն արձագանքել է. «Որովհետեւ նորմալ ընդդիմություն չի ձեւավորվել, այ դրա համար էլ ըտենց խոսում են: Երբ որ նորմալ ընդդիմություն կձեւավորվի, ամեն մարդ իր խոսքի արժեքը կիմանա»:
Հարցին, թե ինչպես է գնահատում ընդդիմության շանսերն առաջիկա ընտրություններում, «Սասուն» ջոկատի հրամանատարը կարծիք է հայտնել, որ եթե ընտրությունների ժամանակ կարողանան ընդդիմադիր կորիզ ձեւավորել, ապա կհաղթեն: «Կառավարությունն էլ, իշխանությունն էլ պիտի հասկանա, որ մենք այս վիճակից պիտի դուրս գանք»,-հավելել է նա:
Սասուն Միքայելյանին հարցրեցին նաեւ Նիկոլ Փաշինյան-Լեւոն Զուրաբյան առճակատման մասին, ինչին նա արձագանքել է. «Ի՞նչ առճակատումներ կան: Պատերազմի ժամանակ էլ ամեն հրամանատար իրա ձեւ է մտածել: Բայց մտածել են` հաղթանակի համար: Ամեն մեկը մի տեսանկյունից է մոտեցել: Հմի եթե ընդհանուր վերցնես, ընդդիմութուն-իշխանություն, բոլորն էլ ուզում են էս երկիրը կարգավորել: Բոլորի ծրագրերը նախընտրական գրեթե նույնն է, բայց ով ինչ ձեւ կկատարի` հարցը հենց դրանում է»:




























