Այն պատճառները, որոնք ստիպել են Լեւոն Տեր-Պետրոսյանին չառաջադրվել, զուտ անձնական են եւ խոսքը այդքան էլ տարիքի մասին չէ:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանի խոսքով, Լեւոն Տեր-Պետրոսյանի որոշման հիմքում քաղաքական պատճառներ կան, որը իրեն ստիպել է անձնական դաշտում նման որոշում ընդունել: «Լեւոն Տեր-Պետրոսյանը 91թ-ին եղել է ընտրված նախագահ, 96թ-ին ուղղակի նախագահ: Իսկ 2008թ-ին նախագահության թեկնածու, որը հասարակության մոտ հաղթական մրցապայքար է ունեցել, սակայն իրավաբանորեն Սերժ Սարգսյանն է նախագահ դարձել: Այս ամենից հետո կարծում եմ` չէր ցանկանա լինել թեկնածու, որի պարագայում ինքը ցածր տոկոսներ կստանար»,- հիմնավորեց Արմեն Մարտիրոսյանը` ավելացնելով, թե նկատի չունի 2-3 տոկոսը, այլ իր տրամաչափի գործչի համար ցածր տոկոսներ:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ ինքը հարգանքով է վերաբերում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին որոշմանը, իսկ ՀԱԿ-ի հետ կապված առաջիկա զարգացումները ժամանակը ցույց կտա: