Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանը դատի է տվել Demotivator.am կայքի սեփականատեր, բլոգեր Էդգար Բարսեղյանին` իր պատիվը, արժանապատվությունը, գործարար համբավը պատկերի միջոցով արատավորելու համար: Պատգամավորը բլոգերից պահանջել է հրապարակային ներողություն խնդրել եւ որպես փոխհատուցում բռնագանձել 1 միլիոն դրամ, եւ 500.000 դրամ իր կողմից վարձած փաստաբանի վճարը, եւ  30.000 դրամ  պետական տուրք: Պատգամավորը նաեւ խնդրվում է քննել Demotivator.am և Blognews.am կայքերից և սոց. ցանցերից հայցվորի պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավը արատավորող նյութերը հեռացնելու պահանջը և պարտավորեցնել պատասխանողին հեռացնել նշված նյութերը: 

Երեկ` դեկտեմբերի 24-ին, կայացել է առաջին դատական նիստը, հաջորդ դատական նիստը նշանակվել է  հունվարի 14-ին: Այս առթիվ Տիգրան Ուրիխանյանը հայտարարություն է տարածել եւ նշել, որ այս գործով բոլոր դատական նիստերի ձայնագրությունները հրապարակվելու են բաց ու թափանցիկ ընթացք ապահովելու համար: «Ուրախությամբ և գոհունակությամբ եմ վերաբերվում ինձ առնչվող ցանկացած արդարացի քննադատությանը, այդ թվում ծաղրանկարային ձևի մեջ: Բայց վիրավորանք ու չափերից անցնել թույլ չեմ տալու որևէ մեկին: Երբ որ ես կամ մեր մյուս թիմակիցները համարձակություն ենք ունենում ասելու, որ ժողովուրդը խնդիրներ ունի, որ երկրում բազմաթիվ պրոբլեմներ կան, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ, անմիջապես հայտնվում են մութ անկյուններում համակարգիչների առջև նստած և, որպես կանոն, թերարժեքության բարդույթով տառապող ու նախանձից խեղդվող ինչ-որ ‹‹բլոգերներ›› (ու հանկարծ թող ոչ ոգի չթվա, թե չգիտենք վարչական որ շենքում նստածներից են ցուցումներ ստանում) և սկսում վիրավորական հիմարություններ տարածել հենց ԲՀԿ ներկայացուցիչների նկատմամբ, այդ թվում նաև իմ: Որևէ մեկը մեր երկրում իրավունք չունի որևէ այլ քաղաքացու վիրավորանք հասցնելու, իսկ եթե բլոգեր կոչվածին թվում է, ինչպես նաև նա դատարանում փորձել է արդարանալ, որ իր արածը վիրավորանք չէ, ուրեմն նա այսուհետ ամենուրեք կտեսնի իր և իր մերձավորների դիմապատկերները մոնտաժված կիսամերկ մանեկենուհիների մարմինների վրա: Վարչական օրենսգիրքը սահմանում է նման արարքի համար համապատասխան պատիժ, և ես հույս ունեմ, որ մեր երկրի դատական համակագը կարժանացնի ինտերնետային խուլիգանին համապատասխան պատժի»,- նշել է Ուրիխանյանը` խնդրելով կողմնակիցներին չնյարդայնանալ: «Բաղրամյանի վրա կամ Դավիթաշենի կամուրջի մոտ հաճախ հանգրվանող այս ջահելները մեկ նպատակ ունեն՝ շեղել ժողովրդի ուշադրությունը իմ քաղաքական գործունեությունից: Վստահ եմ դա իրենց չի հաջողվի»,- ասել է մամուլի քարտուղարը:

Այս գործի առնչությամբ բլոգեր Էդգար Բարսեղյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում չցանկացավ որեւէ գնահատական տալ Տիգրան Ուրիխանյանի` դատարան դիմելու քայլին: «Դա իր իրավունքն է, իր գործն է»,- ասաց Էդգար Բարսեղյանը` նշելով, որ նախապես իրեն ոչ ոք չի զգուշացրել, ոչ ոք չի դիմել պատկերը հեռացնելու  համար:  Ընդամենը մի անգամ զանգել են եւ առանց ներկայանալու, թե որ պատգամավորի օգնականն է, խնդրել են հեռացնել դեմոտիվատորը, սակայն քանի որ իր կայքում բազմաթիվ պատգամավորների դեմոտիվատորներ կան, ինքը չէր կարող կռահել,թե ում մասին է խոսքը: Նա նշեց, որ քաղաքական սատիրան,  պարոդիան շատ տարածված է աշխարհի տարբեր երկրներում եւ շատ ծայրահեղ դեպքերում են դիմում դատարան:

Էդգար Բարսեղյանը վստահեցրեց, որ երբեք պատգամավորին վիրավորելու, բարի համբավը արատավորելու նպատակ չի հետապնդել: Դեմոտիվատոր պատրաստելու եւ տարածելու նպատակը ընդամենը քննադատական մոտեցում ցուցաբերելն էր այն փաստին, որ պատգամավորը լուրջ է համարում ոճային մրցույթներում մրցանակներ ստանալը: «Դա իմ` որպես քաղաքացի, իրավունքն է»,- ասաց նա` շեշտելով, որ չի կարծում, որ ծաղրանկարի համար կարելի է մարդուն տուգանել, առավել եւս, երբ ինքը չի անցել կոռեկտության սահմանը:

Դատական գործի հանգուցալուծման վերաբերյալ նա չցանկացավ կանխատեսումներ անել: Էդգար Բարսեղյանը նշեց, որ իրեն չի վախեցնում պատգամավորի պահանջած գումարի քանակը, որքան դատական նախադեպի ձեւավորումը: