Հայաստանի ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը Ադրբեջանի բացահայտ տարածքային հավակնությունները Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անվանել է այդ երկրի ժառանգվող ավտորիտար ռեժիմի հոգեվարքի հերթական վկայությունը:
«Առնվազն 3 հազարամյա պատմություն ունեցող Հայաստանի նկատմամբ բացահայտ տարածքային հավակնություններ ներկայացնելը մի պետության կողմից, որն առաջին անգամ աշխարհի քարտեզի վրա հայտնվել է 100 տարուց էլ քիչ ժամանակ առաջ, Ադրբեջանի ժառանգվող ավտորիտար ռեժիմի հոգեվարքի հերթական վկայությունն է:
Երբ բացահայտ սուտը ներկայացվում է որպես ճշմարտություն, դա սպառնում է ողջ տարածաշրջանի եւ առաջին հերթին ադրբեջանական ժողովրդի անվտանգությանը: Ոչ մի սուտ չի օգնի Ադրբեջանի ղեկավարությանը՝ խուսափել ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանարպետության դեմ ծավալած իր ագրեսիայի հետեւանքների պատասխանատվությունից»,-հայտարարել է Հայաստանի ԱԳ փոխնախարարը՝ «Ինտերֆաքսի» խնդրանքով մեկնաբանելով նախօրեին Ալիեւի կողմից Հայաստանին եւ ԼՂ-ի հասցեին արված տարածքային հավակնությունները:





























