NEWS.am-ի «Ամանորը հին ու նորերի հետ» շարքի շրջանակներում ներկայացնում ենք հերթական հարցազրույցը: Զրուցել ենք Տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի հետ:
Ինչպե՞ս կգնահատեք ձեր եւ ձեր կառույցի աշխատանքը 2012թ 5 բալանոց սանդղակով:
Տարածքային կառավարման նախարարության առջեւ դրված խնդիրներն ու նպատակները 2012թ-ին իրականացվել են: Ըստ էության, մեծ բացթողումներ չեն եղել, եղել են որոշակի խնդիրներ: Ընդհանուր առմամբ դրական կգնահատեի կառույցի գործունեությունը` որեւէ թիվ չնշելով:
Ի՞նչ բացթողումներ եք ունեցել եւ որո՞նք էին 2012-ի ամենակարեւոր ձեռքբերումները աշխատանքում:
Ոչ այնքան որպես ձեռքբերում, որքան որպես կարեւոր իրադարձություն կնշեի 2012թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք, համաձայն նոր Ընտրական օրենսգրքի, առաջին անգամ անցկացվեցին համախմբված կերպով եւ արժանացան նաեւ միջազգային դիտորդների դրական գնահատականին: Ոռոգման համակարգի համար կարեւոր իրադարձություն էր Մարմարիկի ջրամբարի շահագործումը, ինչպես նաեւ կառանձնացնեի մարզերի առաջնահերթ խնդիրների լուծման երկրորդ եւ երրորդ ծրագրերի ավարտն ու չորրորդի մեկնարկը: Ինչպես գիտեք, 2011թ-ից մարզերում ամենահրատապ խնդիրների լուծման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումարներ է հատկացվում` յուրաքանչյուր ծրագրով 10-ական մլրդ դրամ: Կնշեի նաեւ տեղական հարկային բազաների ճշգրտմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումը, ինչը կարեւոր էր հարկային վարչարարության բարելավման տեսանկյունից:
Ինչ վերաբերում է բացթողումներին, ապա թերեւս այստեղ խոսքը ոչ թե բացթողումների, այլ ծրագրերի ընթացքում ի հայտ եկող խնդիրների մասին կարող է լինել: 2012թ-ը սակավաջուր տարի էր, եւ ոռոգման ապահովման առումով հատկապես որոշ տարածաշրջաններում լարվածություն կար, ու անհրաժեշտություն առաջացավ Սեւանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնել: Կնշեի նաեւ տեղական հարկային վարչարարության ոլորտում խնդիրները, որոնք մշտական ուշադրության կենտրոնում պետք է պահել:
2013թ անելիքները:
Կառանձնացնեի 2013թ. Եվրախորհրդում Հայաստանի նախագահության շրջանում տեղական ժողովրդավարության հիմնախնդիրներին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաեւ կառավարության ծրագրերով նախատեսված բարեփոխումների շարունակական իրականացումը: Ակնկալում ենք, որ 2013թ-ին գործնական քայլեր կիրականացվեն ջրամբարաշինության ոլորտում` մասնավորապես Կապսի եւ Վեդիի ջրամբարների մասով: Կարեւոր են նաեւ նոր խմբագրմամբ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի մշակման, ինչպես նաեւ միասնական հարկի եւ ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագծերի ամբողջացման աշխատանքները:
Շատ է խոսվում, որ առաջիկայում փոխվարչապետի լիազորությունները կարող են սահմանափակվել` առանձնացնելով Տարածքային կառավարման նախարարությունը: Հնարավո՞ր է 2013թ նման փոփոխությունների ականտես լինենք, փոխվարչապետի պաշտոնը առանձնացվի տարածքային կառավարման նախարարի պաշտոնից:
ՀՀ Սահմանադրությամբ նախարարներից մեկը կարող է վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահի կողմից նշանակվել փոխվարչապետ: 2005թ. սահմանադրական փոփոխություններով փոխվարչապետի ինստիտուտի ներդրումից հետո, Հայաստանում այդ պաշտոնն ավանդաբար զբաղեցրել է տարածքային կառավարման նախարարը, սակայն դա չի նշանակում, որ այդ երկու պաշտոնները համատեղված են: Այսինքն, երբեւէ չի բացառվում, որ փոխվարչապետ կարող է նշանակվել կառավարության մեկ այլ անդամ: Ինչ վերաբերում է 2013թ-ին հնարավոր փոփոխություններին, ապա այդ հարցի կապակցությամբ մեկնաբանություն տալը դուրս է իմ լիազորությունների շրջանակից:
Այս տարի որպես պաշտոնյա ի՞նչ «սկանդալների» մեջ եք հայտնվել, ո՞րը կառանձնացնեիք: Օրինակ, այս տարի եւս համառորեն լուրեր տարածվեցին ձեր հնարավոր պաշտոնանկության մասին, սակայն մինչ այժմ դուք պաշտոնավարում եք: Ինչո՞վ եք բացատրում ձեր պաշտոնանկության մասին լուրերի հաճախակի շրջանառումը: Դա անդրադառնո՞ւմ է Ձեր տրամադրության վրա, ի՞նչ եք կարծում` դա պլանավորվո՞ւմ է ինչ որ մեկի կողմից:
Հարցը թերեւս ավելի շատ հռետորական է: Պարզապես յուրաքանչյուր բարձրաստիճան պաշտոնյայի գործունեության ընթացքում նրան «ուղեկցում են» նաեւ մոտալուտ պաշտոնանկության մասին լուրերը: Որպեսզի դրանք որեւէ կերպ չանդրադառնան աշխատանքի արդյունավետության վրա, պետք է դրանց ուշադրություն չդարձնել, չմեկնաբանել եւ հարմարվել այն մտքի հետ, որ զբաղեցրած պաշտոնը հավերժ չէ:
Կառավարության «ամենաերկարակյաց» պաշտոնյան եք: Երկար տարիներ Ամանորը դիմավորում եք փոխվարչապետի եւ Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում, դա լրացուցիչ հո՞գս է, պարտականությո՞ւն, թե՞ միմիայն ուրախություն:
Ամանորը ընտանեկան տոն է: Ընտանիքում ես ամուսին եմ, հայր եմ, որդի եմ, եւ այդ պարտավորությունները որեւէ կապ չունեն պաշտոնի հետ: Ես աշխատում եմ մեկը մյուսի հետ չխառնել:
Ամանորը ո՞ւմ հետ, որտե՞ղ եւ ինչպե՞ս եք նշելու:
Ինչպես միշտ` ընտանիքիս հետ, մեր տանը:
Ամանորյա նախապատրաստություններից որո՞նք են ձեր վրա, ինչքա՞ն է կազմում Ամանորի ձեր ծախսը:
Որպես կանոն, անձամբ եմ ընտրում ամանորյա նվերները եւ գնումներ կատարում: Հաշվարկներ չեմ արել, բայց ընտանեկան բյուջեն բավարարում է այդ գնումների համար:
Ամանորը` որպես տոն, ի՞նչն եք սիրում եւ ի՞նչը չեք սիրում, օրինակ «բոնբոնեռկա, կոնյակով» մտերիմների տներ այցելո՞ւմ եք, եղե՞լ է, որ նույն «բոնբոնեռկա, կոնյակը» շփոթեք եւ տանեք հենց ձեր տուն եկած մարդու տուն:
Այդպիսի ավանդույթներ չունենք: Այցելությունների ժամանակ, եթե շատ հազվադեպ լինում են, նախընտրում եմ ընկերներիս եւ բարեկամներիս ավելի օգտակար նվերներ մատուցել:
Վիշապը արդարացրե՞ց Ձեր սպասելիքները, իսկ օձից ի՞նչ սպասելիքներ ունեք:
Ընդհանուր առմամբ, անցնող տարին, այո, արդարացրեց սպասելիքները, իսկ գալիք տարվանից ակնկալում եմ խաղաղություն, կայունություն, առողջություն:
Դուք ո՞ւմ Ձմեռ պապն եք եւ որպես պոտենցիալ Ձմեռ պապ` արդեն որոշել եք, թե «թոռնիկներին» ի՞նչ եք նվիրելու: Իսկ դուք Ձմեռ պապիկ ունեք,իրենից ի՞նչ եք ուզելու:
Հաշվի առնելով ձեւավորված պատկերացումներն ու ավանդույթները` ես մեր տան Ձմեռ պապին չեմ ճանաչում, բայց նա միշտ պարտաճանաչորեն երեխաներին նվիրում է այն, ինչ նրանք ցանկանում են: Իսկ իմ Ձմեռ պապին ես վաղուց խնդրել եմ «ուշադրությունը կենտրոնացնել» երեխաներիս վրա:





























