Հայաստանում 2013 թ. կբացվեն մի քանի նոր հյուրանոցներ: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Մասնավորապես՝ շահագործման կհանձնվեն. Ջերմուկում «Հայաթ» ցանցի հյուրանոց (80 համար), Ծաղկաձորում՝ «Գոլդեն Փելիս» (120 համար), Ռէժինե հյուրանոցի 50 համար ունեցող նոր մասնաշենքը, նոր հյուրանոց «Էրեբունի» հյուրանոցի բակում (նախնական տվյալներով՝ «Հայաթ» ցանցի հյուրանոց 95 համարով), հյուրանոց Հյուսիսային պողոտայում (24 համար):
Ըստ Տ. Դավթյանի՝ վերջին տարիներին զբոսաշրջային հոսքերի ավելացման պատճառով հյուրանոցների պակասություն էր նկատվում, հատկապես զբոսաշրջային պիկային ժամանակահատվածներում:
«Նոր բրենդները զբոսաշրջիկի աչքում էականորեն կփոխեն Հայաստանի հյուրանոցային ոլորտի պատկերը: Կահավորման մակարդակով բավական բարձր են, եւ շատերը համաշխարհային համալիրներին համապատասխան ծառայություններ եւ որակ ունեն»,- ասաց Տ. Դավթյանը:
Նշենք, որ 2012 թ. ընթացքում եւս բացվել են մի շարք հյուրանոցներ; Մասնավորապես. Երեւանում Թուֆենկյան ցանցի «Պատմական Երեւան» հյուրանոցը (85 համար), Երեւանում՝ «Նացիոնալ» (75 համար), Երեւանում «Նաիրի» (120 համար), Երեւանում՝ «Սիլաչի» հյուրանոցի նոր մասնաշենք (30 համար), Ծաղկաձորում՝ վերակառուցված «Ծաղկաձոր Մարիոթ» (100 համար), Ծաղկաձորում՝ «Ծաղկահովիտ» (50 համար):
Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային Ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունվել է «Զբոսաշրջությա եւ զբոսաշրջային գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, ըստ որի Հայաստանում կներդրվի «5 աստղանի Դելյուքս» որակավորման նոր կարգը: Այն գերազանցում է «5 աստղ» կարգին եւ ընդգծում է հյուրանոցի շքեղությունը:





























