2012 թվականն, ընդհանուր առմամբ, ոչինչ չտվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսանկյունից եւ դա պայմանավորված էր թուրքական կողմի քաղաքական քայլերով։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է թուրքագետ Արտակ Շաքարյանը։

«Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում քաղաքական գործընթացները, «Արաբական գարունը», եւ հատկապես սիրիական խնդիրը Թուրքիայի արտաքին քաղաքականության  մեջ առաջնային ուղղություն են դարձել։ Միաժամանակ պետք է նշել, որ Մերձավոր Արեւելքում Թուրքիայի դիրքերը զգալիորեն թուլացել են, որի մասին վկայում են իսրայելա-պաղեստինյան բանակցությունները, որոնցում միջնորդ հանդիսացավ Եգիպտոսը, ոչ թե՝ Թուրքիան»,- նշել է Արտակ Շաքարյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող ինքնուրույն քաղաքականություն վարել մերձավորարեւելյան տարածաշրջանում եւ որ այդ երկիրը կախված է ԱՄՆ-ից։

Հայ-թուրքական հարաբերությունների հետագա զարգացման հարցին անդրադառնալով՝ թուրքագետն այն կարծիքն է հայտնել, որ թուրքական կողմը, ինչպես միշտ, հույսը կդնի իր ռազմավարական կարեւորության վրա։ «Այդուհանդերձ, լուրեր են պտտվում, որ Թուրքիայի ԱԳՆ-ում բաժին է բացվել, որտեղ զբաղվում են 2015 թվականին նախապատրաստվելու աշխատանքներով։ Բացի այդ, Թուրքիան փորձոմ է կարգավորման գործընթացի մեջ  ներգրավել նաեւ հայկական սփյուռքը։ Միեւնույն ժամանակ, թուրքերը փորձում են օգտագործել Լեռնային Ղարաբաղի հարցը՝ Հայոց ցեղասպանության հարցում Հայաստանին ճնշելու համար»,- հայտարարել է Արտակ Շաքարյանը։

Նա նաեւ ավելացրել է, որ Թուրքիան անում է ամեն հնարավորը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համար այլընտրանք ապահովելու համար՝ զարգացնելով Գերմանիայի հետ համագործակցությունը։