Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտայի հարցազրույցը՝ NEWS.am գործակալությանը։

Հայաստանն ու Ուկրաինան կօգտագործե՞ն ողջ ներուժը՝ երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար:

Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ երկկողմ համագործակցությունը 2012թ. շատ հագեցած է եղել, մասնավորապես՝ տնտեսական ուղղությամբ։ 

Սակայն, չնայած այդ բնագավառում ուժեղացված աշխատանքին, կարծում եմ, որ այդ ոլորտում կողմերն ամբողջ ծավալով չեն օգտագործում տնտեսական ներուժը։

Ուկրաինան կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության համակողմանի զարգացումը։ Դրա կարեւոր տարր էր նոյեմբերի 19-20-ը Երեւանում անցկացված հայ-ուկրաինական տնտեսական համագործակցության համատեղ  միջկառավարական հանձնաժողովի 6-րդ նիստը։ Ուկրաինական կողմից նիստը գլխավորում էր Ուկրաինայի պետական կոորպորատիվ իրավունքների եւ գույքի կառավարման պետական գործակալության  ղեկավար Դմիտրի Կոլեսնիկովը, հայկական կողմից՝ էկոնոմիկայի նախարար պարոն Տիգրան Դավթյանը։

Հանձնաժողովի աշխատանքի շրջանակում առաջին հերթին քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր, որոնք այսօր օրակարգում են։

Համաշխարհային տնտեսական ճգնաժամի ազդեցության հետեւանքով, ցավոք, այսօր մեր երկրների միջեւ ապրանքաշրջանառության որոշակի նվազում է դիտվում՝ 20-25% նախաճգնաժամային ցուցանիշների համեմատ։

Շատ դեպքերում դա պայմանավորված է Հայաստանում շինարարության ծավալների նվազմամբ, քանի որ շինանյութերը Ուկրաինայի արտահանման նշանակալի բաղադրիչն են։ Հանձնաժողովի նիստի ընթացքում նաեւ համագործակցության նոր ձեւերի եւ ուղիների հարցեր են բարձրացվել։ Ուկրաինան պատրաստ է քննարկել Հայաստանի տարածքում տնտեսական, ներդրումային նախագծերին մասնակցելու հարցը, եւ Հայաստանն իր հերթին պատրաստ է մասնակցել Ուկրաինայի տարածքում իրագործվող նախագծերին։

Մասնավորապես, ուկրաինական կողմը բազմիցս հետաքրքրություն է ցուցաբերել ԱԷԿ-ի նոր բլոկի շինարարության ու համապատասխան բաղադրիչների նկատմամբ, պատրաստ է համագործակցել էներգետիկայի տարբեր բնագավառներում, փոքր ՀԷԿ-երի շինարարության ոլորտում։

Հանձնաժողովի հաջորդ նիստը կանցկացվի հաջորդ տարվա աշնանը Կիեւում։ Շատ կարեւոր է այն, որ եթե հանձնաժողովը նախկինում մի քանի տարին մեկ էր նիստ գումարում, ապա այժմ դրանք արդեն պարբերական, ամենամյա են դարձել, ինչն իր պտուղներն է տալիս։

Ուկրաինական կապիտալի մասնակցությամբ համատեղ ձեռնարկություններ կա՞ն։

Ցավոք, նման համատեղ ձեռնարկություններ առայժմ չկան, բայց, ինչպես ընդգծեցի, Ուկրաինան պատրաստ է մասնակցել  Հայաստանի տարածքում էներգետիկական եւ մեքենաշինական նախագծերին։ Կարծում եմ, 2013-14թթ. նման նախագծեր կիրագործվեն, հնարավոր են նաեւ համատեղ ձեռնարկություններ։ Հայաստանում եւ Ուկրաինայում ներդրումները հիմնականում վերաբերում են անշարժ գույքին եւ ծառայությունների ոլորտին, այսինքն՝ սպասարկման բնագավառի ձեռնարկություններին։

Որքանո՞վ է ամբողջական իրավապայմանագրային բազան:

Այսօրվա դրությամբ Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ գործում է 71 պայմանագիր. դրանք միջպետական, կջկառավարական եւ միջտարածաշրջանային համաձայնագրեր են: Եթե խոսենք տնտեսական ուղղություններով իրավապայմանագրային բազայի մասին, դրանք կազմում են շուրջ 12 միջպետական համաձայնագրեր: Դա լրիվ բավարար է լիարժեք տնտեսական գործունեություն իրականացնելու համար, հատկապես դա վերաբերում է ազատ առեւտրին: Դրա վկայությունն է մեր պարբերաբար հանդիպումները ինչպես հայկական, այնպես էլ՝ ուկրաինական բիզնեսի ներկայացուցիչների հետ, որոնք բազմիցս հաստատել են երկկողմ իրավապայմանագրային բազայի արժանի մակարդակը՝ անխոչընդոտ բիզնես ծավալելու եւ եւ ընդհանուր տնտեսական գործունեություն իրականացնելու համար:

Ինչպե՞ս եք գնահատում հումանիտար համագործակցությունը:

Դա շատ կարեւոր ասպեկտ է երկկողմ համագործակցության մեջ եւ, մեր կարծիքով, մի փոքր առաջ է ընկել տնտեսականից: Համագործակցության այդ ուղղությունը հնարավորություն է տալիս մարդկանց շփվել իրար հետ, հատկապես կարեւոր է երիտասարդության, ստեղծագործ խմբերի շփումը: Ցանկանում եմ ընդգծել 2012-ի սկզբին Հայաստանում Ուկրաինայ մշակույթի օրերի անցկացման կարեւորությունը: Դրանք անցկացվեցին շատ բարձր մակարդակով, Երեւանի, Գյումրիի, վանաձորի հանդիսատեսը մեծ հետաքրքրությամբ եւ ջերմությամբ վերաբերեցին միջոցառումներին:

Երեւանում տեղի է ունեցել նաեւ համաշխարհային  գրականության «Վսեսվիտ» ուկրիանական ամսագրի շնորհանդեսը, որն ամբողջությամբ նվիրված է եղել Հայաստանին, որի համար արժանացել է Հայաստանի շմակույթի նախարարության ոսկե մեդալի: Նշանակալի իրադարձություն էր նաեւ Ռ. Դաշկեւիչի «Հայերն Ուկրաինայում» գիտական աշխատությունների հավաքածուի շնորհանդեսը, որը կայացել է այս տարվա հունիսին՝ Մատենադարանում:

Հայաստանի գրականագիտական եւ գիտական շրջանակներում մեծ արձագանք ստացավ նաեւ հոկտեմբերի 27-ին Երեւանում ուկրաինացի գիտնական, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Ի. Գայուկի «Ուկրաինայում հայ մշակույթի նկարազարդ հանրագիտարան» գրքի շնորհանդեսը: Գիրքը պատմում է Ուկրաինայի տարբեր շրջաններում ապրող հայերի կյանքի մասին, ներկայացնում է մեր երկրում հայկական մշակույթի զարգացման պատմությունը, ինչպես նաեւ Ուկրաինայում ստեղծվող հայկական մշակութային արժեքները:

Ընդհանուր առմամբ՝ տարին ակտիվ էր մշակութային հումանիտար համագործակցության առումով, տեղի են ունեցել ստեղծագործ խմբերի այցելություններ, հայ երեխաների պատվիրակությունն այցելել է «Արտեկ», Երեւանի պետհամալսարանի եւ Դոնեցկի պետհամալսարանի միջեւ համագործակցության հիմքեր են ստեղծվել:

Ուկրաինայում շատ մեծ հայ համայնք կա եւ նրանք  ցանկանում են ավելին իմանալ իրենց պատմական հայրենիքի մասին, նույնը վերաբերում է Հայաստանում ապրող ուկրաինացիներին:

2013-ի համար մենք մեծ պլաններ ունենք: Վերջերս Ուկրաինայի կառավարությունը հանձնարարել է ինձ Հայաստանի եւ Ուկրաինայի մշակույթի նախարարությունների միջեւ 2013-2017 թթ. համար համագործակցության պլան ստորագրել:

Որո՞նք են ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության շրջանի առաջնահերթությունները։

Ինչպես հայտնի է, 2012. դեկտեմբերի 6-7-ին Դուբլինում կայացավ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի ընթացքում Իռլանդիան այդ հեղինակավոր կազմակերպության նախագահությունը փոխանցեց Ուկրաինային։  Մեզ համար դա շատ կարեւոր եւ պատասխանատու առաքելություն է, եւ Ուկրաինան պատրաստ է ակտիվ, արդյունավետ աշխատանքի։ Մեր երկրի նախագահը, այս տարի Նյու Յորքում ելույթ ունենալով ՄԱԿ-ի ասամբլեայում, նշել է հիմնական առաջնահերթությունները։ Ուկրաինայի նախագահության հիմնական ուղղություններից կդառնան ԵԱՀԿ համանախագահող երկրների տարածքում տարածաշրջանային հակամարտությունների կարգավորումը,  ԵԱՀԿ տարածքում վստահության միջոցների ամրապնդումը, Էներգետիկական անվտանգության ապահովման համար կազմակերպության ներուժի կիրառումը, տնտեսական, այդ թվում՝ տրանսպորտային եւ առեւտրային միջանցքների զարգացմանն աջակցելը։ Ուկրաինան ակտիվորեն կաջակցի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։  Բացի այդ, Ուկրաինան մտադիր է ԵԱՀԿ շրջանակում Եվրոպայում զինված ուժերի վերահսկողության ապագա աշխատակարգի հիմունքների վերաբերյալ նոր երկխոսություն նախաձեռնել, որը հաշվի կառնի ԵԱՀԿ բոլոր մասնակից երկրների շահերը։

ԵԱՀԿ-ում Ուկրաինայի նախագահության առաջնահերթություններից կլինեն նաեւ մարդու իրավունքները, մասնավորապես՝ ԵԱՀԿ տարածքում մարդու հիմնարար ազատությունների եւ իրավունքների պաշտպանությունը։

Նախատեսվո՞ւմ է ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հարավային Կովկաս։

Առայժմ հստակ ժամկետները որոշված չեն, հավանաբար դա կլինի 2013-ի առաջին քառորդում կամ երկրորդ քառորդի սկզբին։

Եվ վերջում, հաշվի առնելով, որ հարցազրույցս կհրապարակվի տարեմուտին, կցանկանայի նշել, որ 2012-ը Հայաստանի եւ Ուկրաինայի երկկողմ հարաբերությունների զարգացման տեսակետից լավ շրջան էր, եւ, օգտվելով առիթից,  կցանկանայի հայ եւ ուկրաինացի ժողովուրդներին 2013-ին մաղթել բարօրություն, կայունություն, հաջողություն եւ անամպ երկինք։