Ռուսաստանում ներգաղթյալների նկատմամբ ռուսերենի իմացության պահանջն առանց հասանելի դասընթացների էլ ավելի կսրի նրանց զատումը մյուսներից: Նման եզրակացության են եկել Գլոբալիզացիայի եւ սոցիալական շարժումների ինստիտուտի մասնագետները: Գործատուները նրանց շանտաժի ենթարկելու եւս մեկ առիթ կունենան, որի արդյունքում կվատացնեն նրանց առանց այդ էլ վատ աշխատանքի պայմաններն ու վարձատրությունը: Փաստացի, նոր նորմերն ուղղված են ցածր որակավորում ունեցող աշխատողների դեմ, ինչը կհանգեցնի նրանց շահագործման ուժեղացմանը, ասվում է ուսումնասիրությունում:
Նշենք, որ փոփոխությունները չեն վերաբերում Բելառուսին, Ղազախստանին եւ Ղրղըզստանին, որտեղ ռուսերենը պետական լեզու է, ինչպես բարձր որակավորում ունեցող մասնագետներին:
Տասնյակ հազարավոր հայ «խոպանչիներ», որոնք գարունից մինչեւ աշուն աշխատում են ռուսաստանյան շինհրապարակներում, նույնպես հարվածի տակ են հայտնվում: Հայտնի չէ, սակայն, թե նարցից ովքեր են էլեկտրիկ ու զոդող (որոնք ռուսերենի քննություն չեն տա), եւ ովքեր են ցեմենտ խառնողներ, ում վրա այդ օրենքը ազդում է: Հայաստանի կառավարությունը ոչ միայն նման տվյալներ չունի, այլեւ չգիտի, թե տարեկան քանի մարդ է Հայաստանից մեկնում արտագնա աշխատանքի:
«Այս լեզվի վճարովի թեստի կիրառման միակ օգտակար արդյունքը աշխատուժ արտահանող երկրների կառավարությունների վրա ճնշումն է: Միգրանտներին պետք են դասընթացներ, պետք է սոցիալիզացիա, որպեսզի կարողանան ապրել Ռուսաստանում, միջոցներ ծախսել այդ երկրի շուկայում, բայց դրա փոխարեն նոր ռեպրեսիվ նորմեր են ներդրվում»,-ասել է Տնտեսական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վասիլի Կոլտաշովը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ից Ռուսաստանում ներգաղթյալներն աշխատելու իրավունք կստանան միայն ռուսերենի իմացությունը հաստատելուց հետո: Օրենսդրության այս փոփոխությունը վերաբերում է ԱՊՀ երկրների քաղաքացիներին, որոնք ՌԴ-ի հետ չունեն վիզային ռեժիմ:
Լեզվի թեստը կլինի պետական եւ վճարովի, որը չի նախատեսում լեզվի անվճար դասընթացներ:





























