Հայկական ջուր ծորակից եւ հայկական սրբիչ՝ կախիչից կախված։ Առաջինը սովորական է, երկրորդը պարբերաբար մատակարարվում է հայոց բանակ։ Հայտնի նորմատիվն է՝ տարեկան երեք վաֆլե սրբիչ, որոնք արտադրում են հայ մանածագործները։ Ըստ նրանց՝ տեղական արտադրանքը կրկնակի էժան է. ներկրված վաֆլե սրբիչները 330 դրամ են, տեղական նույն սրբիչը կարելի է վաճառել 180 դրամով... Մենք, իհարկե, ուրախ ենք, բայց չէ՞ որ բամբակն ու սինթետիկ մանրաթելը Հայաստանը ներկրում է։
«Տրանսպորտային ծախսերը ոչ միայն հումքի, այլեւ պատրաստի արտադրանքի վրա են դրվում», – բացատրում է Մարալիկի բամբակի ֆաբրիկայի («Նայթեքս» ԲԲԸ) տնօրեն Հակոբ Աղաբեկյանը. «Ներկրված արտադրանքը եւս այդ ծախսերից ոչ ոք չի ազատել»։
Իհարկե, սահմանից բամբակ առնելով տեղական արտադրողները վճարում են նաեւ մաքրելու եւ մանելու ընթացքում կորուստների գինը։
Մշակման ընթացքում զանգվածի 9-10 տոկոս կորուստ է դիտվում։ Բայց, մյուս կողմից, տեղական արտադրողը մաքսատուրք չի վճարում՝ նույն 10%-ը։
Այսինքն, պատճառը թվերը չե՞ն։ Իսկ ի՞նչն է։ Կազմակերպելն է, ասում է Աղաբեկյանը։
«Եթե պաշտպանության նախարարությունը ոչ թե տարվա կտրվածքով մրցույթներ կազմակերպի, այլ՝ երեք տարվա»։ Իսկ ի՞նչ կփոխվի, թելը նույնն է։ Այսօր բանակային թող կարվի, վաղը՝ քաղաքացիական։
Պարզվեց, ամեն ինչ այլ է, անգամ թելը նույնը չէ։ Բանակային արտադրանքի դեպքում այն ավելի ամուր է, քաղաքացիականի դեպքում՝ ավելի բարակ։ Հետեւաբար պետք է նախապատրաստել համապատասխան հաստոցները. «Նման մեքենան լիցքավորելու համար մի քանի օր է պետք։ Իսկ ամբողջ հաստոցային հավաքակազմի համար մեկ ամսից ավելի կպահանջվի», - բացատրում է Աղաբեկյանը։ Իսկ նախքան դա պետք է Թուրքմենստանից բամբակ ընտրել եւ ներկրել Հայաստան, եւս մեկ ամիս կպահանջվի քաղաքացիական նմուշի թել մանելու համար։ Նախապատրաստական աշխատանքների համար 2-3 ամիս կպահանջվի։
«Այժմ նայեք. պաշտպանության նախարարությունը հունվարին է մրցույթ հայտարարում։ Արդյունքներն ամփոփվում են մարտին։ Աշխատանքը տեւում է մինչեւ սեպտեմբեր։ Եթե անգամ դրանից անմիջապես հետո անցում կատարենք քաղաքացիական արտադրանքին, առավելագույնը 2-3 շաբաթ կհասցնենք աշխատել, հետո շտապ պետք է վերադառնանք հին աշխատակարգին։ Հունվարին մենք նախապես պետք է աշխատանքային պատրաստ վիճակում լինենք, առանց դրա մեզ ոչ ոք չի թողնի մրցույթին մասնակցել», - հստակեցրել է նա։ Իսկ եթե մրցույթը երեք տարով հայտարարվի, ֆաբրիկան հաստոցների մի մասը կհատկացնի քաղաքացիական արտադրության համար, սկզբի համար՝ մեկ երրորդը, մնացածը կշարունակեն զինվորական պատվերը։ Եվ հաստոցներն արդեն ոչ թե ամսվա համար կլիցքավորվեն, այլ ավելի հիմնավոր։
Պատրաստեց Արամ Գարեգինյանը




























