Հայ ազգային կոնգրեսի՝ նախագահական ընտրություններին չմասնակցելու եւ որեւէ թեկնածուի չսատարելու որոշումը չի ազդի իմ գործողությունների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ, նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:

Նա նաեւ նշեց, որ մտադիր չէ մեկնաբանել ՀԱԿ-ի հայտարարությունը: «Ես առաջադրվելու եմ եւ դա չի ազդի իմ որոշման վրա»,-ասաց Բագրատյանը, ով նաեւ չմեկնաբանեց այն հանգամանքը, որ որպես ՀԱԿ-ի անդամ չի ստանալու այդ քաղաքական ուժի աջակցությունը:

Նշենք, որ Հրանտ Բագրատյանը օրեր առաջ հայտարարել էր, որ մտադիր է թեկնածու առաջադրվել նախագահական ընտրություններում, որի մասին գրել էր Facebook-ի իր բլոգում: Նա նշել է, որ իր առաջադրումը ՀԱԿ-ի կողմից չի լինելու, ավելին՝ սառեցնում է իր շփումները ՀԱԿ-ի գրասենյակի հետ: Նա խոստացել էր հանել թեկնածությունը, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի: Բագրատյանն իր այդ որոշումը բացատրել էր ընտրություններում արեւմտյան արժեքներ դավանող թեկնածուի մասնակցության անհրաժեշտությամբ:

Ինչպես գիտենք, Լեւոն Տեր-Պետրոսյանը հրաժարվել է առաջադրվել ընտրություններում: