Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, Հայաստանում սովորող 111 սիրիահայ ուսանողներ ուսման վարձերի փոխհատուցում են ստացել։ Վերջիններիս ուսման վարձերի փոխհատուցման նպատակով ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 40 միլիոն դրամ։
Ուսման վարձերի փոխհատուցման հավաստագրերը սիրիահայ ուսանողներին հանձնել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Իր խոսքում վարչապետը նշել է, որ Կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված են սիրիահայերի խնդիրների լուծմանը։ «Ես ուրախ եմ, որ արդեն հարյուրավոր սիրիահայ ուսանողներ ունենք Հայաստանում։ Այս ծրագիրը սիրիահայ ուսանողներին աջակցելու նպատակ ունի, որպեսզի նրանք ժամանակավոր դժվարությունները կարողանան ավելի հեշտ հաղթահարել։ Մենք հետեւելու ենք, թե ինչպես են ձեր գործերն ընթանում բուհերում, ինչ դժվարությունների եք հանդիպում, ինչպես եք ինտեգրվում։ Մենք մշտապես ձեր կողքին ենք լինելու, եւ դուք առարկայորեն տեսնելու եք պետության օժանդակությունը՚,- նշել է վարչապետը։
Ըստ այդմ, ուսման վարձի փոխհատուցում կստանան Հայաստանում գտնվող բոլոր սիրիահայ ուսանողները՝ անկախ նրանից, սովորում են պետական, ոչ պետական բուհերում, թե միջին մասնագիտական կրթական հաստատություններում։
Բացի այդ, մեկնարկում է նաեւ հայաստանցի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման ծրագիրը, որի համար ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հիմնադրամին է հատկացրել 60 մլն դրամ։
ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը նշել է, որ ԿԳՆ-ի կարողությունները բավարար էին, որպեսզի սիրիահայերի հետ կապված նախապես չպլանավորված իրադարձություններին օպերատիվ եւ բովանդակային արձագանք տրվեր։ «Բազում մեխանիզմներ են ներդրվել սիրիահայերի կարիքները բավարարելու համար թե՜ հանրակրթության, թե՜ մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտներում։ Մենք, յուրաքանչյուր սիրիահայ երեխայի կրթական կարիքի բավարարման համար նպաստավոր պայմաններ ստեղծելով, պատրաստ ենք հաջորդ տարի նույնպես պետական քաղաքականության շրջանակներում նույնական վերաբերմունք ցուցաբերել տեղացի եւ սիրիահայ աշակերտների եւ ուսանողների համար»,- նշել է Արմեն Աշոտյանը։





























