Հայաստանի վարչական դատարանը՝ դատավոր Արման Թովմասյանի նախագահությամբ, դեկտեմբերի 31-ին մերժել է քաղաքացիներ Մարտիկ Սարգսյանի ու Գարեգին Ղազարյանի հայցադիմումներն՝ ընդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության:

«Փաստինֆո»-ի փոխանցմամբ, հայցադիմումներն անմիջական առնչություն ունեն առաջիկա նախագահական ընտրությունների հետ, ավելի ճշգրիտ՝ հայցվորները պահանջում են անվավեր ճանաչել որոշումները, որոնցով ոստիկանությունը մերժել է իրենց «վերջին տասը տարում ՀՀ քաղաքացի հանդիսանալու, այլ պետության քաղաքացիություն չունենալու եւ վերջին տասը տարում ՀՀ մշտապես բնակվելու մասին» տեղեկանք տրամադրել: Հիշեցնենք, որ հիշյալ տեղեկանքն անհրաժեշտ է որպես ՀՀ նախագահի թեկնածու գրանցվելու համար:

Այսպես, քաղաքացի Մարտիկ Սարգսյանի դեպքում դատարանը գտել է, որ հայցվորը վերջին տասը տարիների ընթացքում Հանրապետությունից բացակայել է երկու անգամ՝ մի դեպքում՝ 10 ամիս 28 օր, մյուս դեպքում՝ 9 ամիս 17 օր տեւողությամբ։ Դատարանը գտել է նաեւ, որ թեեւ, ըստ հայցվորի, իր բացակայությունները կապված են եղել գործուղումների հետ, սակայն, վերջինս որեւէ կերպ չի մասնավորեցրել, թե խոսքն ինչ գործուղումների մասին է եւ որ մարմնի կամ կազմակերպության կողմից է այն ապահովվել։

«Հայցվորը ներկայացրեց իրարամերժ տեղեկություններ առ այն, որ գործուղումը պայմանավորված է եղել ՀՀ Նախագահի գաղտի հանձնարարության հետ, սակայն միաժամանակ նշեց, որ այն կազմակերպվել է արտաքին գործերի նախարարության, ազգային անվտանգության ծառայության, Առաքելական եկեղեցու կողմից։ Ընդ որում, հայցվորը միջնորդեց գործի քննությունը հետաձգել նշվածի վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու համար՝ նշելով, որ դիմել է Հայաստանի Հանրապետության եւ Հնդկաստանի համապատասխան մարմիններին, սակայն դրա մասին վկայող որեւէ ապացույց չներկայացրեց։ Դատարանը, նկատի ունենալով, որ հայցվորը որեւէ ողջամիտ փաստարկ չներկայացրեց այն մասին, որ գործի քննության հետաձգման արդյունքում կարող է ներկայացնել իր փաստարկները հիմնավորող որոշակի ապացույցներ, այլ, ընդհակառակը, հայտնեց իրարամերժ եւ հակասական տեղեկություններ, ինչպես նաեւ հաշվի առնելով ընտրական գործերով քննության սեղմ ժամկետները, մերժեց հայցվորի միջնորդությունը։ Արդյունքում հայցվորը որեւէ կերպ չհիմնավորեց, որ խնդրո առարկա ժամանակահատվածում գտնվել է պաշտոնական գործուղման մեջ»,- նշվում է դատարանի որոշման պատճառաբանական մասում։

Գարեգին Ղազարյանի հայցադիմումը մերժելու որոշման մեջ դատարանը հիմնավորված է համարել ոստիկանության փաստարկներն առ այն, որ Գարեգին Ղազարյանը վերջին տասը տարվա ընթացքում 6 ամսից ավելի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից: