Նախագահի թեկնածուներ, «Ազգային ինքնորոշում» միավորման նախագահ Պարույր Հայրիկյանը եւ «Ազատություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը արժանի մրցակիցներ կլինեն թե գործող նախագահ Սերժ Սարգսյանի, թե ինձ համար: Այս մասին այսօր՝  հունվարի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Փետրվարի 18-ին Հայաստանում պետք է տեղի ունենա ընտրական հեղափոխություն, որի միջոցով ժողովուրդը ջարդելու է իշխանական, ուժային, հարկային, մաքսային համակարգը: Ես հարգում եմ բոլոր մասնակիցներին, հատկապես՝ Պարույր Հայրիկյանին եւ Հրանտ Բագրատյանին: Ամենահեշտը տունը նստելն է,  իսկ իրենք որոշեցին մասնակցել եւ իրենք արժանի մրցակից կլինեն թե Սերժ Սարգսյանի, թե ինձ համար»,- ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝  ոչ մրցակցային ընտրությունների, արդյունքների կանխորոշման մասին խոսկացությունները կեղծ են: «Ով տանը մնա, կամա թե ակամա, ինքը մասնակցում է  քաղաքացիական, քաղաքական հնազանդության հաղթարշավին եւ ուզում է չմասնակցելով ապահովել այս իշխանության վերարտադրումը, դա պետք է բացառել»,- ասաց նախագահի թեկնածուն՝ կոչ անելով բոլորին՝ քաղաքացիներին, կուսկցություններին, մասնակցել նախագահական ընտրություններին, քանի որ դա լինելու է պատմական եւ ապագայամետ ընտրություն: «Ժառանգություն» առաջնորդը վստահ է, որ փետրվարի 18-ին լինելու է  երկու «Հայաստանների» մրցակցություն, «լինելու է Սերժի եւ Րաֆֆիի Հայաստանների պայքարը»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am