Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Խաչատրյանն այսօր որոշում կայացրեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցին բերման ենթարկելու մասին:

«Առավոտ»-ի փոխանցմամբ, քաղաքագետը, որը մեղադրվում է Գեւորգ Ղասաբյանից խաբեությամբ 508 հազար ՀՀ դրամ հափշտակելու համար, դատարան չէր ներկայացել: Դատարան չէր ներկայացել նաեւ նրա պաշտպանը:

Դատավորը նաեւ իրազեկեց, որ հաջորդ նիստին ամբաստանյալի չներկայանալու դեպքում կվերանայվի նրա խափանման միջոցի փոփոխման հարցը:

Հիշեցնենք, որ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ կիրառվել է ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունվարի 16-ին: