Այսօր` հունվարի 8-ին Հայաստանի ԱԻ նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԻ նախարարության նոր, 9-հարկանի մասնաշենքի կահավորման, տեխնիկական հագեցվածության եւ աշխատակիցների տեղափոխման հարցերը։
ԱԻՆ համակարգում աշխատանքի մրցույթի առաջին փուլով նախնական հարցազրույցն անցած հաշմանդամություն ունեցող 13 անձի համար շուտով կսկսվի վերապատրաստման գործընթացը։ Գործնական աշխատանքների ու թեմատիկ դասընթացների օգնությամբ նրանք կծանոթանան արտակարգ իրավիճակների դասակարգմանը, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի եւ «911» արագ արձագանքման ծառայության գործունեության սկզբունքներին, ինչպես նաեւ ահազանգերի արձագանքումը կազմակերպելու խնդիրներին։
Քննարկվեց ԱԻ նախարարության մշակույթի տանը ջեռուցման համակարգ տեղադրելու հարցը։ ԱԻ նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց շուտափույթ լուծում տալ խնդրին, որպեսզի մշակույթի կենտրոնը լիարժեք պատրաստ լինի տարբեր ստեղծագործական խմբակներում ընդունելու ԱԻ համակարգի աշխատակիցների երեխաներին։
ԱԻՆ պոլիկլինիկան շուտով կունենա ֆլյուրոգրաֆիայի կաբինետ։ Բոլոր անհրաժեշտ սարքավորումներն արդեն գտնվում են պոլիկլինիկայի տրամադրության տակ եւ տեղադրումից հետո կսկսեն սպասարկել համակարգի աշխատակիցներին եւ նրանց ընտանիքների անդամներին։
Ա. Երիցյանի հանձնարարությամբ` հնարավորինս սեղմ ժամկետներում որակյալ ու արագընթաց ինտերնետ կապով կապահովվեն հանրապետության բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատները։





























