Տեղացող սաստիկ ձյան, ձնաբուքի եւ Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի (Ռազմավիրական ճանապարհ) Գուդաուրի-Կոբի եւ Ստեփանծմինդա-Լարս հատվածներում ձնահոսքի վտանգի պատճառով արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթեւեկությունը: Այդ մասին այսօր՝ հունվարի 8-ին հայտնել է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը:

Ռազմավիրական ճանապարհի Արագվիսպիրի- Գուդաուրի եւ Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում արգելվել է քարշակներով եւ կիսաքարշակներով մեքենաների, ինչպես նաեւ խոշոր ավտոբուսների երթեւեկությունը: Արագվիսպիրի-Պասանաուրի հատվածում  ավտոտրանսպորտի մյուս տեսակների համար երթեւեկությունը բաց է, իսկ Պասանաուրի-Գուդուարի եւ Կոբի-Ստեփանծիմինդայում թույլատրվում է հակասահող շղթաների կիրառման դեպքում:

Տրանսպորտային միջոցների երթեւեկությունն իրականացվում է պարեկային ոստիկանության անընդհատ համակարգմամբ, նշել են  դեպարտամենտում, հայտնում է   «Նովոստի Գռուզիան»:

Ռազմավիրական ճանապարհը վրացական կողմի խնդրանքով վերջին ամսվա ընթացքում բազմիցս փակվել է տրանսպորտի համար: Դա տեղի է ունեցել, մասնավորապես, Խաչի լեռնանցքում՝ եղանակային պայմանների վատացման պատճառով: