Դիտորդական առաքելություն անցկացնելու համար Հայաստանի ընտրական հանձնաժողով է դիմել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ): Այդ մասին այսօր՝ հունվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ նշելով, որ շուտով արդեն Հայաստան կժամանեն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդները:
Ըստ նրա՝ ենթադրվում է, որ ԿԸՀ կդիմեն նաեւ ԱՊՀ երկրների եւ Եվրախորհրդարանի, ինչպես նաեւ այն բոլոր կառույցների ներկայացուցիչները, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ:
Մուկուչյանը նաեւ նշել է, որ ԿԸՀ է դիմել Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնի (ICES) միջազգային դիտորդների պաշտոնական առաքելությունը: Մեկ տեղական կազմակերպություն եւս դիմել է ԿԸՀ: Այս պահի դրությամբ ԿԸՀ-ն հավատարմագրման հարցում ոչ ոքի չի մերժել:





























