Իլյա II-ի խոսքի խեղաթյուրումը պաշտոնական Բաքվի ձեռագիրն է: Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, մամուլի ասուլիսում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների կողմից Վրաց պատրիարքի խոսքի տարածումը: Հատկանշական է, որ այդ տեղեկությունը ոչ մի վրացական լրատվամիջոց չի տարածել:
«Դա ընդամենը խաբեության եւ ստրի քաղաքական կուրս է, որը սկիզբ է առել դեռեւս Ադրբեջանի առաջին հանրապետության ժամանակներից»,-ասաց Մանասյանը:
Նրա խոսքով, կա երեք տարբերակ. հնարավոր է, Վրաց պատրիարքն իսկապես ոչ պաշտոնական նման հայտարարություն է արել, որը մամուլ է թափանցել Ալլահշուքյուր Փաշազադեի ձեռքով: «Այդ դեպքում Իլյա II-ը պետք է հաշվի առներ, թե ում հետ է խոսում եւ կարելի՞ է վստահել պաշտոնական Բաքվի ներկայացուցչին, ով առիթը բաց չի թողնում հայերի վերաբերյալ խեղաթյուրումներ թույլ տալու հարցում»,-ասաց նա:
Եւս մեկ տարբերակ. վրացական կողմը նման հայտարարություն արել է, բայց հետո որոշել է հրաժարվել դրանից: «Ցանկացած դեպքում, Ադրբեջանը չի կորցրել հարմար առիթը ոչ միայն միավորներ հավաքելու, այլեւ հայ-վրացական հարաբերությունները փչացնելու համար»,-ասաց Մանասյանը:
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ վրաց պատրիարք Իլյա II-ի եւ Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հանդիպման ժամանակ, Իլյա II-ը մեկնաբանելով Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, ասել է. «Ես երբեք չեմ համաձայնի տեսակետին, որ մենք կորցրել ենք մեր հողերը: բոլորովին ոչ, մենք պարզապես ժամանակավորապես կորցրել ենք վերահսկողությունն այդ տարածքներում: Բայց արդարությունը կհաղթանակի: Ինչպես Աբխազիան եւ Հարավային Օսիան են Վրաստանի բնիկ հողեր, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը պատկանել եւ պատկանելու է Ադրբեջանին»:
Լուսանկարն՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























