Ամանորյա տոներին՝ հունվարի 1-ից 7-ը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 7,5 հազար ուղեւոր: 560 մարդ դարձել են Երեւան-Թբիլիսի-Երեւան միջազգային գնացքի ուղեւորներ, իսկ ներհանրապետական էլեկտրագնացքների ծառայություններից օգտվել են ավելի քան 7 հազար ուղեւոր:

Նոր տարվա առաջին օրերին հատկապես պահանջված էին ներհանրապետական երթուղիները: Մասնավորապես, բոլոր ուղեւորներին փոխադրելու համար երեկ նշանակվել էր Գյումրի-Երեւան լրացուցիչ էլեկտրագնացք:

ՀԿԵ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ընկերությունը հետեւողական աշխատանքներ է տանում ուղեւորափոխադրումների ծավալվերի ավելացման ուղղությամբ: Այս նպատակով թարմացվում է երկաթուղու շարժակազմը, բարելավվում է հարմարավետությունն ու ուղեւորների սպասարկման որակը, ինչպես նաեւ մեծանում է գնացքների արագությունը: