Ամանորից հետո մարդիկ մի կողմից լիցքաթափվում են, մյուս կողմից՝ սթրեսների մեջ ընկնում: Ընդհանրապես, մեծ ուրախությունից հետո դատարկության զգացում է առաջանում, սովորաբար կանայք ավելի ուժեղ են սթրես ունենում: Այս մասին այսօր` հունվարի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը: Նա շեշտեց, որ տոնական յոթ օրվա հանգիստը հավելյալ սթրեսների առաջացման պատճառ է, եւ նպատակահարմար է, որ այն տեւի ընդամենը երեք-չորս օր: Սամվել Խուդոյանը նշեց, որ հետտոնական սթրեսը ճգնաժամային չէ, եւ որեւէ հոգեկան շեղումների չի հանգեցնում. առաջանում են դիսֆորիկ վիճակներ շրջապատի նկատմամբ, քենի, թշնամանքի եւ դյուրագրգռության դրսեւորում: Նրա խոսքով`այս շրջանում ամուսնալուծություններն են շատանում, կոնֆլիկտները` եւս, քանի որ տեղի է ունենում տարվա ամփոփում եւ առաջանում է ընդհանուր լարվածության:
Սթրեսները հաղթահարելու համար հոգեբանը խորհուրդ է տալիս օգտագործել մի շարք մրգեր` բանան, նուռ, ուտել շոկոլադ, ինչպես նաեւ քայլել, լողավազաններ հաճախել, սպորտով զբաղվել: Ի դեպ, Սամվել Խուդոյանը նկատեց, որ մինչեւ 20-րդ դարը հունվարի 1-ը Հայաստանում գրեթե չի նշվել: Խորհրդային միությունը արձակուրդների, տոնական հանդեսների, պարգեւատրումներով եւ այլ միջոցով տոնը համընդհանուր դարձրեց Խորհրդային միության բոլոր երկրների համար:
Ասուլիսի մյուս բանախոսը` ազգագրագետ Ռուզան Ծատուրյանն ասաց, որ Ամանորը մեզ մոտ իմաստավորվում է առատ եւ ճոխ սեղաններով, իսկ առատ եւ ճոխ սեղանները հասարակության սոցիալ-տնտեսական վատ վիճակի արդյունք են: Նրա խոսքով` այս ուտելիքներով, առատ սեղաններով փորձում է ցուցադրել իր կարգավիճակը, ձեռքբերումները եւ այլն, բայց
հասարակության սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման դեպքում Ամանորը առատ սեղաններով նշելու այս ձեւը միգուցե կփոխվի:





























