«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ,Մարդու իրավունքների Եվրադատարանի փաստաբան, փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրած Ռուբեն Այվազյանը որոշել է չշարունակել ընտրապայքարը: Այս մասին նա NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Այվազյանը: Այդ որոշմանը նա հանգել է ԲՀԿ-ական իր ընկերների հետ հանդիպելուց եւ խորհրդակցելուց հետո: «Որոշեցի, որ պետք է չշարունակեմ, ենթարկվեմ կուսակցության կանոնադրությանը»,- ասաց նա` շեշտելով, որ կուսակցությունից որեւէ ճնշում չի եղել, իսկ ԲՀԿ-ական ընկերների հանդիպումը եղել է իր իսկ խնդրանքով: Հարցին, թե մինչեւ առաջդրվելը չէիք մտածում, որ կուսակցության կանոնադրություն եք խախտում, նա նշեց, որ ԲՀԿ նախագահության անդամ չէ եւ ենթադրել է, թե այդպես խախտում չկա, «բայց լսելով իրենց հորդորները, որոշել է դուրս գա ընտրապայքարից եւ ենթարկվել կուսակցության որոշմանը»:
Նա նշեց, որ 8 միլիոն դրամ ընտրագրավը վճարելը խնդիր չէ, մի քանի հոգի առաջարկել են իրենց օգնությունը, ինքը եւս հնարավորություն ուներ դա վճարելու, թեեւ նախագահի թեկնածուի գույքը դատարանի որոշմամբ կալանքի տակ է: Նրա գույքի վրա արգելանք է դրվել դատարան Այվազյանի դեմ ներկայացված քաղհայցից, որը վերաբերում էր գործարար համբավի պաշտպանությունը: »Բժշկական սպասարկումը Հայաստանում գործարարություն չի դիտվում: Դատարանը, ցուցաբերելով անգրագիտություն, դեռ քրեական գործը չքնած իմ ամբողջ գույքի վրա մտածված կալանք են դնում, ըստ երեւույթին լավ տեղյակ լինելով, որ ես երկու տարի է նախապատրաստել եմ ծրագիր նախագահական ընտրությունների հետ կապված»,- ասաց նա: Նա չի պատրաստվում մասնակցել նախագահական ընտրություններին: Կմասնակցի եւ ձայն կտա այն թեկնածուին, ով կընդունի իր ծրագիրը, կօգտագործի դրա դրույթները: Առայժմ որեւէ առաջարկ չի եղել, ինքը որեւէ մեկի ծրագրում նման դրույթներ չի տեսել, մինչդեռ, Ռուբեն Այվազյանի խոսքով, իր ծրագրում տալիս է Հայաստանը այս վիճակից հանելու բանալին:
Ավելի վաղ Ռուբեն Այվազյանը պատմել էր, որ 2001թ. ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը իր եղբոր անունով ջրի գնով սեփականացրել է մի քանի միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ թիվ 3 կլինիկական հիվանդանոցը, որին էլ հետևել են ապօրինությունների և հանցագործությունների շղթան: Նրա խոսքով` Թիվ 3 կլինիկական հիվանդանոցի փաստացի սեփականատեր դարձած հանցագործը, իր բուժաշխատողների հետ համագործակցելով, առանձնակի դաժանությամբ սպանել է իր հայրիկին: ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Խ. Հարությունյանի եղբայրը դիմել է դատարան` Ռուբեն Այվազյանի դեմ ներկայացնելով քաղհայց եւ այդ շրջանակներում նրա անշարժ գույքը դնեն կալանքի տակ:





























