Հայաստանի Հանրապետության կառավարությունը դեմ է դեկտեմբերի 1-ը որպես Վերամիավորման տոն օր սահմանելու առաջարկին: ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանն ու Հայկ Բաբուխանյանը օրենսդրական նախաձեռնություն են հանդես բերել՝ դեկտեմբերի 1-ը նշել որպես Վերամիավորման օր, քանի որ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը եւ Արցախի Ագային խորհուրդը համատեղ նիստում հռչակեցին Հայկական ԽՍՀ եւ Արցախի վերամիավորումը:

Սակայն ՀՀ արտգործնախարարությունը բացասական եզրակացություն է պատրաստել այս օրենսդրական նախաձեռնության վերաբերյալ, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հունվարի 10-ի նիստի հաստատմանը: Ըստ կառավարության եզրակացության՝ օրենքի ընդունումը Ադրբեջանի կողմից կօգտագործվի որպես լրացուցիչ փաստարկ՝ հիմնավորելու իր ապակառուցողական դիրքորոշումը՝ ղարաբաղյան հիմնախնդիրը ներկայացնելով ոչ թե հակամարտություն ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև, այլ տարածքային վեճ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: