Տեղացող սաստիկ ձյան եւ մերկասառույցի պատճառով Վրաստանի մի շարք ավտոճանապարհներին տրանսպորտի երթեւեկության արգելք է մտցվել: Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտնել է, որ հունվարի 9-ին տեղացող սաստիկ ձյան, ձնաբուքի եւ ձնահոսքերի վտանգի պատճառով Ռազմավիրական ճանապարհի (Վրաստանը Ռուսաստանին կապող) Գուդաուրի-Կոբի եւ Ստեփանծմինդա-Լարս հատվածներում արգելվել է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթեւեկությունը:

Արագվիսպիրի-Գուդաուրի եւ Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում արգելվել է քարշակներով եւ կիսաքարշակներով մեքենաների, ինչպես նաեւ խոշոր ավտոբուսների (30 ուղեւորից ավելի տեղատարողությամբ) երթեւեկությունը:

Ավտոտրանսպորտի մյուս տեսակների համար Մլեթա- Գուդաուրի եւ եւ Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում թույլատրվում է հակասահող շղթաների կիրառմամբ:

Երկու եւ ավելի քաշող կամրջակներով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը թույլատրվել է առանց սահմանափակումների:

Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալության  կարճաժամկետ կանխատեսման բաժնից «Նովոստի-Գռուզիա»-ին հայտնել են, որ հանրապետության ամբողջ տարածքում հունվարի 9-ին եւ 10-ին ձյուն կտեղա: Եղանակի բարելավում է սպասվում միայն հունվարի 12-ից: