ՀՀ ՊՆ թիվ N զորամասի  ժամկետային զինծառայող 19-ամյա Ա.Բ-ն հակագազով հարվածել է ավագ լեյտենանտի գլխին: Վերջինս էլ սկսել է հայհոյել եւ ապտակել նրան: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

19-ամյա Ա.Բ-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ N զորամասի զինծառայող, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ`իր կողմից բացատրություն տալուց հրաժարվելու պատճառով բռնություն է գործադրել ավագ լեյտենանտ Ս. Ա-ի նկատմամբ,հակագազով հարվածել է վերջինիս գլխին`պատճառելով առողջության թեթեւ վնաս: Ինչի համար նրա դեմ քրեական գործ է հարուցվել  358  հոդվածի  1 –ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

25-ամյա Ս.Ա-ին էլ  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա անպարկեշտ ձեւով ստորացրել է Ա. Բ-ի պատիվն ու արժանապատվությունը`զորանոցի միջանցքում բռնել է նրա պարանոցից եւ սեռական բնույթի հայհոյանք տալով վերջինիս հասցեին,երկու անգամ ապտակել է նրան: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել  360  հոդվածի  2-րդ մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը դատարան է ստացվել հունվարի 9-ին առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: