Ակցիզային ապրանքների ներմուծման համար առավել բարենպաստ պայմանների ստեղծման եւ ծախսերի նվազեցման նպատակով առաջարկվում է քննարկել Վերին Լարս անցակետում շուրջօրյա աշխատակարգ սահմանելու եւ աշխատակազմի թվաքանակը ավելացնելու հնարավորությունը:

Այդ մասին նշված է ՀՀ Վերահսկիչ Պալատի եւ Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի համատեղ ուսումնասիրության մեջ:

«Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ պարենային ապրանքների ներմուծման, արտահանման կարգավորման եւ դրանց անվտանգության ապահովմանն ուղղված պետական միջոցների օգտագործման նկատմամբ Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի եւ Ռուսաստանի Դաշնության Հաշվիչ պալատի կողմից իրականացված համատեղ վերահսկողության արդյունքների վերաբերյալ» անվանումը կրող հաշվետվության մեջ նշված է, որ 2 երկրների միջեւ առեւտրաշրջանառության ավելացման եւ գործընթացի պարզեցման հարցում անառարկելի ձեռքբերում է հանդիսանում Վերին Լարս սահմանային ավտոմոբիլային անցակետը ՌԴ պետական սահմանի այն անցակետերի շարքում դասելը, որոնցով թույլատրված է ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի փոխադրումը (ՌԴ կառավարության 30.07.2012թ. թիվ 782 որոշում):