2012թ դեկտեմբերի 31- 2013թ հունվարի 4 հանրապետություն արձանագրվել է սուր-շնչառական վարակներով հիվանդության մոտ 1000 դեպք: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային  կենտրոնի գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը` շեշտելով, որ սա աննախադեպ ցածր ցուցանիշ է: Դեկտեմբերի 24-31 ընկած ժամանակահատվածում եւս ավելի ցածր ցուցանիշներ չեն արձանագրվել, քան 2011թ, 2010թ էր: Ամանորյա տոնական օրերին սուր-շնչառական վարակներից մահվան դեպքեր չեն արձանգրվել, ընդամենը 3 հոսպիտալացման դեպք է արձանագրվել: Թոքաբորբի եւ գրիպի  հաստատված լաբորատոր դեպքեր  եւս չեն արձանագրվել:

Անցյալ տարվա այս ժամանակահատվածի համեմատ` սուր-շնչառական վարակներով հիվանդությունների դեպքերի թիվը կրկնակի նվազել է, առհասարակ վերջին 3 տարիներին նման ցածր ցուցանիշ չէր արձանագրվել: Լիանա Թորոսյանի խոսքով` դա մի կողմից պայմանավորված է տոն օրերով, որի պատճառով, հնարավոր է, քիչ են դիմել, մյուս կողմից էլ` բարենպաստ եղանակային պայմաններով: Հիվանդացության նվազմանը նպաստել է նաեւ ուսումնական հաստատությունների փակ լինելը, քանի որ հիմնական խոցելի խումբը երեխաներն են:  Նա նշեց, որ վերջին երկու օրերին հանրապետության տարբեր հատվածներում պարբերաբար տեղացող ձյունը կարող է սուր-շնչառական հիվանդությունների աշխուժացմանը նպաստել, բայց մյուս կողմից էլ, ինչպես ասում է ժողովուրդը, այն մաքրում է օդը եւ ունի դրական կողմեր եւս: Գլխավոր մասնագետը նշեց, որ հիվանդությունների վերաբերյալ ավելի ռեալ պատկեր կլինի մյուս շաբաթ, երբ ամփոփեն այս շաբաթվա պատկերը: 

Լիանա Թորոսյանը մեկ անգամ եւս կոչ է անում հագնվել եղանակին համահունչ, հիվանդների հետ չշփվել, հետեւել անձնական հիգիենային, առաջին նախանշաններ ի հայտ գալուն պես դիմել բժշկի եւ չզբաղվել ինքնաբուժմամբ: