Երեւանի ոստիկանական բաժանմունքներից մեկում ամիսներ առաջ ծեծի ենթարկված երիտասարդը հացադուլ է հայտարարել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է ծեծված Ռ. Հ.-ի մայրը` Նարինե Ասատրյանը:
Որդու ձերբակալությունը եւ ծեծը միակ դժբախտությունը չեն, հունվարի 1-ին վախճանվել էր Նարինե Ասատրյանի ամուսինը` Կոնստանտին Հովսեփյանը, նյարդային ցնցման հետեւանքով: Փաստաբանի պահանջով Ռ. Հ.-ն հոր թաղմանը մասնակցելու համար մի քանի ժամով ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ խոսքը նախորդ տարվա հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած միջադեպի մասին է: Ոստիկանները գողության կասկածանքով ձերբակալել էին հինգ երիտասարդի, այդ թվում` Ռ. Հ.-ին: Վերջինս պնդում է, որ խոստովանական ցուցմունքներ տվել է ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքից դրդված: Ընդ որում, փաստաթղթերում բերման ենթարկելու ամսաթիվ նշված է հոկտեմբերի 4-ը:
Փաստաբանի եւ հարազատների պահանջով անցկացվել էր փորձաքննություն, որը երիտասարդի մարմնին ծեծին բնորոշ տարբեր վնասվածքներ էր հայտնաբերել՝ կապտուկներ (այդ թվում՝ ձեռնաշղթաներով երկար մնալուց առաջացած), քերծվածքներ։ Բացի այդ, որովայնին եւ ձեռքերին մակերեսային կտրվածքներ են եղել, որոնք Ռ.Հ.-ն ինքն է արել՝ ի նշան բողոքի։ Փորձաքննությունը նաեւ լսողության խնդիրներ եւ կողերի հնարավոր վնասվածքներ է հայտնաբերել, որոնք եւս ծեծի հետեւանք են։ Ռ.Հ.-ի հարցաքննությունն անցկացվել է փաստաբանի բացակայությամբ, ինչն անօրինական է. երիտասարդը 2008թ. հունիսից հաշվառված է նյարդաբանական դիսպանսերում, եւ հարցաքննության ժամանակ փաստաբանի ներկայությունը պարտադիր էր։
Երիտասարդը բերման էր ենթարկվել մի շարք կողոպուտների մասնակցելու կասկածանքով։
Նարինե Ասատրյանը ոստիկանների գործողությունների հետ կապված դիմում էր ներկայացրել, արդյունքում Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության Կենտրոնի բաժանմունքի երկու օպերլիազորների՝ Խաչիկ Բահբուդարյանին եւ ԱրտակԲարսեղյանին Հայաստանի ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314-րդ հոդվածով մեղադրանքներ էին առաջադրվել։
Ստուգումների արդյունքում, Ռ.Հ.-ին վերագրվող յոթ դրվգներից վեցի դեպքում մեղադրանքները հանվել էին։
«Սա միանգամայն անտրամաբանական է։ Եթե նա մեղավոր է, ուրեմն մեղավոր է բոլոր յոթ դեպքերում, եթե մեղավոր չէ, այդ դեպքում ինչու են դրվագներից մեկը թողել», - ավելի վաղ հայտարարել էր Նարինե Ասատրյանը։ Նա խոստովանում է, որ Ռ.Հ.-ն նախկինում գողության համար դատվել է, սակայն կտրականապես հերքում է ներկայումս նրան վերագրվող հանցագործություններում մասնակցությունը։
«Այն դեպքից հետո ես ու հայրը շատ խիստ էինք վերաբերվում նրան, կարծում եմ, մեզ հաջողվել է արդյունքի հասնել», - պնդում է Ռ.Հ.-ի մայրը՝ 25 տարվա աշխատանքային փորձով մանկավարժը։ Ձերբակալման օրվանից Նարինե Ասատրյանը որդուն մեկ անգամ է տեսել. «Նրա վիճակը սարսափելի էր, կպտուկներով պատված, հազիվ էր քայլում, կողերի վնասվածքների պատճառով չկարողացավ գրկել ինձ»։ Փորձաքննությունը հաստատել է, որ երիտասարդին միջին ծանրության մարմնական վնասվածքներ են հասցվել, որոնք առողջության երկարատեւ խանգարման են հանգեցրել։ Այս պահի դրությամբ Ռ.Հ-ի վիճակը դեպի լավն է գնում, սակայն լսողության խնդիրները դեռեւս առկա են։
Այժմ Ռ.Հ.-ի փաստաբանը վճռաբեկ դատարանում կբողոքարկի խափանման միջոցի՝ կալանքի որոշումը։ Նարինե Ասատրյանը իր որդու մեղավորությունը պնդող քննիչի գործողություններն անօրինական է համարում։ «Մտադիր եմ դիմել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, հնարավոր բոլոր ատյաններ եւ արդարություն պահանջել», - ամփոփել է նա։




























