«Ես չեմ էլ մտածել ԲՀԿ-ից դուրս գալու մասին»,- երեկ Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանն այսպես է պատասխանել  «Դուք դեռ ԲՀԿ անդա՞մ եք» հարցին: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Հիշեցնենք, որ ԲՀԿ-ի համամասնական ցուցակում չհայտնվելուց մի քանի օր հետո Վարդան Բոստանջյանը ՀՅԴ-ի նախընտրական ծրագիրը ներկայացնելիս անակնկալ ջերմ ելույթ ունեցավ ՀՅԴ-ի մասին՝ ասելով, որ միակ կուսակցությունն էր, որտեղ ցուցակը կազմելիս ոչ մի խռովություն չեղավ. «Նման պարագայում ո՞նց չուզես, որ իրենք կարողանան առաջնորդել մեր ազգի հաջողությունները»: Նրա ելույթից հետո նույնիսկ Աղվան Վարդանյանը կոչ արեց պարոն Բոստանջյանին քվեարկել «խղճի մտոք», այսինքն՝ ՀՅԴ-ի օգտին: Այնպիսի տպավորություն էր, որ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը շուտով համալրելու է ՀՅԴ շարքերը:

Պարոն Բոստանջյանը իր այդ խոսքերն այսպես մեկնաբանեց. «ՀՅԴ-ի ծրագիրը շատ դրական կողմեր ուներ, ես արտահայտվեցի ու խոսեցի այդ մասին, բայց դա դեռ ոչինչ չի նշանակում: Եթե հիշում եք, ես չի եղել այդպիսի բան, որ ասեմ, որ դուրս եմ գալիս ԲՀԿ-ից: Ես հիմա էլ դաշնակներին էլի բարձր եմ գնահատում:
Դաշնակցականները, ցանկացած պարագայում, եթե նրանց հանձնարարվում է գործ, նրանք դրան մոտենում են ամենամեծ պատասխանատվությամբ»:

Մեր հարցին՝ հիմա Ձեր հարաբերությունները Գագիկ Ծառուկյանի հետ ինչպիսի՞ն են՝ Վարդան Բոստանջյանը վստահեցրեց, որ շատ լավ, որ իրենք հանդիպում են, զրուցում են: Խորհրդարանական ընտրություններից հետո էլ հանդիպել են, նորմալ շփվել. «Իսկ ինչի՞ պիտի նորմալ չլիներ, նորմալ շփվել ենք: Ես ոչ թե նեղացած եմ եղել, դա ոչ թե նեղացածություն էր, այլ՝ երեւույթների դժվար ընկալում: Ես կարծում եմ, որ մտածող մարդը երբեք չպետք է նեղանա ոչ մի բանից»: Այնուամենայնիվ, իրենց զրույցի ընթացքում Վարդան Բոստանջյանը Գագիկ Ծառուկյանին չի տվել իրեն հուզող հարցը՝ ինչո՞ւ իրեն հանեց համամասնական ցուցակից. «Պատճառների մասին չհարցրեցի: Ես ինքս ինձ բարձր եմ գնահատել, դրա համար երբեւիցե պատճառների մեջ չեմ մխրճվում: Եթե կարող եմ՝ ինքս կհասկանամ, իսկ եթե հանկարծ չեմ հասկանում, ուրեմն հետաքրքրվելով՝ պատճառներ չեմ իմանում»: Դուք բաց էիք խոսում եւ հաճախ կատարում ԲՀԿ-ի ընդհանուր տեսակետին հակառակ մեկնաբանություններ, դա կարո՞ղ էր պատճառ հանդիսանալ, Վարդան Բոստանջյանը չբացառեց. «Հնարավոր է նաեւ դա լիներ պատճառը, որ ես ցուցակից դուրս մնացի»»,- մեջբերում է «Առավոտը»։